ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Զապորոժիեի ատոմակայան, այնուհետև Կիևում կհանդիպի Զելենսկիի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևում հանդիպում կունենա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ։ Մինչև Զելենսկիի հետ հանդիպումը Գրոսին կայցելի Զապորոժիեի ատոմայական, որը ռազմական գործողությունների ընթացքում անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ։
Զելենսկին նաև հայտնել է, որ պատերազմի այս փուլում հնարավոր չէ, որ Ուկրաինան ստանձնի ատոմակայանի վերահսկողությունը։
«Ավելի ապահով է, որ Ուկրաինան վերահսկի Զապորոժիեի ատոմակայանը, բայց առայժմ ռազմաճակատի տեսանկյունից ես նման հնարավորություններ չեմ տեսնում, իսկ այն հնարավորությունները, որ գոյություն ունեն, վտանգավոր են», – հայտնել է Զելենսկին տեսաուղերձում։ Գրոսին իր հերթին X սոցիալական հարթակում սեպտեմբերի 2-ի երեկոյան գրել է, որ ատոմակայանի ճանապարհին է՝ «շարունակելու աջակցությունը և օգնելու կանխել միջուկային վթարը»։
Զելենսկին և Նիդեռլանդների վարչապետ Դիք Շուֆը սեպտեմբերի 2-ին այցելել էին Զապորոժիե քաղաք, որտեղ Ուկրաինայի ղեկավարը նորից խնդրեց, որ Արևմտյան երկրները Կիևին ավելի շատ հեռահար զենքեր տրամադրեն։Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանը, որը Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է, Ռուսաստանի վերահսկողության տակ է անցել 2022 թ. փետրվարին Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների մեկնարկից օրեր անց։ Այդ ժամանակից ի վեր երկու կողմերը բազմիցս միմյանց մեղադրել են ատոմակայանին հարվածելու մեջ։