Բաժիններ՝

«Արփի» բնապատմական արգելոցում գրանցվել են «Կարմիր գրքում» գրանցված հազվագյուտ և անհետացող թռչնատեսակներ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Արփի» բնապատմական արգելոցը գտնվում է Վայոց ձորի մարզի Արենի գյուղի վարչական տարածքում՝ Արենի–Եղեգնաձոր ճանապարհի երկրորդ կիլոմետրից հարավ` Նորավանքի կիրճում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։

«Արգելոցն ընդգրկում է մոտ 200 հեկտար տարածք, որից 40-ը՝ կազմում են «Արջերի», «Մոզրով», «Մագիլի» և «Թռչնի» կարստային քարանձավները:

Քարանձավները հարուստ են գեղեցիկ և բազմազան բնական գոյացություններով։
Բարձրաբերձ ժայռերով շրջապատված գեղատեսիլ կիրճի ընդհանուր ձգվածությունը հյուսիսից-հարավ 8 կմ է: Կիրճի երկարությամբ հոսում է Գնշիկ գետը` Արփայի ձախ վտակը, որի ջրերից էլ կենդանություն է առնում արգելոցի հարուստ բուսական աշխարհը:

«Արփի» բնապատմական արգելոցի տարածքը հարուստ է հազվագյուտ բուսատեսակներով, աճում են մոտ 200 տեսակի էնդեմիկ և մշակովի բույսերի վայրի տեսակներ:

Բազմազան է արգելոցի կենդանական աշխարհը` վայրի կենդանիների, սողունների և թռչունների տարբեր տեսակներով: Արգելոցի տարածքում բնակվում են պարսկական հովազ, բեզոարյան այծ, գորշ արջ, աղվես, գայլ, գորշ նապաստակ, քարայծ, կզաքիս, եղնիկ, հովազ: Սողուններից` թունավոր օձեր` հայկական իժ, գյուրզա, մողես և այլն:

Արգելոցը համարվում է կարևորագույն թռչնաբանական տարածք: Տեղանքի բնակլիմայական առանձնահատկությունները բարենպաստ պայմաններ են ստեղծում բազում թռչունների բնադրման և կերակրման համար:

Պատմականորեն այստեղ գրանցվել է ավելի քան 190 թռչնատեսակ, որոնց մեջ կան նաև «Կարմիր գրքում» գրանցված հազվագյուտ և անհետացող տեսակներ:

Բնապահպանական տեսանկյունից առավել հատկանշական են քարարծիվը, օձակեր արծիվը, մորուքավոր անգղը և գիշանգղը, միջերկրածովյան բազեն, սապսանը և բվեճը, կիսասպիտակավիզ ճանճորսը և ներկարարը: Քարանձավների մշտական բնակիչներն են չղջիկները: Չուի ժամանակ հանդիպում են տափաստանային հողմավար բազե, ճչան արծիվ, տափաստանային մկնաճուռակ:

«Արփի» բնապատմական արգելոցը հանդիսանում է ՀՀ Վայոց ձորի մարզի հազվագյուտ հետաքրքրություն ունեցող տեսարժան վայրերից մեկը։ Լուսանկարները՝ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս