Վրաստանում հարցվածների 13 տոկոսը սննդի գումար չունի

Վրաստանում հարցված բնակչության միայն 27 տոկոսին է բավականացնում գումարը սնունդ գնելու համար, 13 տոկոսին՝ չի բավականացնում: Այդ մասին է վկայում Հետազոտական ​​ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC-Վրաստան) հրապարակած «Կովկասյան բարոմետրի» 2024 թվականի հետազոտությունը: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ըստ նույն տվյալների՝ հարցվածների միայն 4 տոկոսն է ասել, որ կարող է իրեն թույլ տալ գնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է։

Հարցին՝ նշված կետերից ո՞րն է լավագույնս նկարագրում ձեր ընտանիքի տնտեսական վիճակը, հնչել են հետևյալ պատասխանները.

  • սննդի գումար չունենք՝ 13 տոկոս,
  • գումար ունենք միայն սննդի համար, բայց ոչ հագուստի համար՝ 27 տոկոս,
  • գումար ունենք սննդի և հագուստի համար, բայց չենք կարող մեզ թույլ տալ թանկարժեք կենցաղային իրեր՝ սառնարան կամ լվացքի մեքենա՝ 42 տոկոս,
  • կարող ենք մեզ թույլ տալ գնել թանկարժեք կենցաղային իրեր, օրինակ՝ սառնարան կամ լվացքի մեքենա՝ 12 տոկոս,
  • հնարավորություն ունենք գնելու այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է՝ 4 տոկոս,
  • չգիտեմ՝ 1 տոկոս,
  • պատասխանելուց հրաժարվել է` 2 տոկոս:

Հարցումն անցկացվել է դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով 2024 թվականի ապրիլի 16-ից մայիսի 13-ը` Վրաստանի ողջ տարածքում, բացառությամբ Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունների։

Հարցվել է, ընդհանուր առմամբ, 1509 քաղաքացի, հետազոտությունն իրականացվել է վրացերեն, հայերեն և ադրբեջաներեն։

Տեսանյութեր

Լրահոս