Անձնագրայինները դարձել են չարչարանքի վայր. «Առավոտ»
«Առավոտ» օրաթերթը գրում է. «ՆԳ նախարար Վահե Ղազարյանին «ձոնած» երգը (ավելի շուտ՝ չաստուշկան) հիշեցնում է մեզ իրականում գոյություն ունեցող խնդիրների մասին:
Ամենուր «պասպորտ-սեղանները» դարձել են մարդկանց չարչարանքների վայր: Եվ փոխանակ դրանք շատացնեն եւ ընդլայնեն, մի բան էլ կրճատում են՝ քաղաքացիների համար հավելյալ անհարմարություններ ստեղծելու նպատակով:
Մտեք թեկուզ Երեւանում որեւէ անձնագրային ծառայություն, եւ կհամոզվեք, որ վիճակը չափազանց տխուր է: (Գուցե նաեւ այն պատճառով, որ ՀՀ քաղաքացիներին միացել են նաեւ «ռելոկանտները», որոնց մեր պետությունը, բնականաբար, նույնպես պարտավոր է սպասարկել): Մարդիկ առավոտյան ժամը 6-ին կենդանի հերթ են կանգնում, որպեսզի ժամը 9.00-ին կտրոն վերցնեն, բայց սպասարկվելու են միայն առաջին 50 կտրոնները: Եթե դուք 51-րդն եք, ապա վաղը նորից պետք է ժամը 6-ին գաք: Իհարկե, կարող եք նաեւ հերթագրվել օն-լայն, բայց եթե հիմա հերթագրվեք, ձեր հերթը կհասնի հոկտեմբերին:
Անշուշտ, նման տառապանքների ենթարկվող մարդկանց ճակատագիրը նախանձելի չէ: Բայց նույնպիսի կարեկցանքի են արժանի այն կանայք, որոնք ստիպված են ամեն օր սպասարկել մի քանի տասնյակ չարացած մարդկանց:
Ի դեպ, նույն վիճակն է նաեւ ՔԿԱԳ-ներում (ԶԱԳՍ-երում)՝ դրանցից մեկում 5 աշխատակիցներից 3-ին կրճատել են, մեկը գնում է արձակուրդ, մնում է մեկը, նույն ինքը՝ վարիչը, որը պետք է «ճանապարհի» ոչ միայն ամուսնացող երիտասարդ զույգերին, այլեւ զանազան փաստաթղթերի հետեւից եկած քաղաքացիներին: Բայց կարեւորն, իհարկե, երիտասարդներն են, որոնց տոնական օրը, մեղմ ասած, զրկվում է հանդիսավորությունից: Լուծումներն, իհարկե, մակերեսի վրա են:
Եթե անձնագրային ծառայությունների ծանրաբեռնվածությունն այս աստիճանի մեծացել է, ապա 3 օպերատորի փոխարեն պետք է լինի 10 օպերատոր: Տարածքն էլ պետք է համապատասխանաբար մեծանա: Ծառայություններն անհրաժեշտ է տարբերակել՝ օրինակ, «նոտարի թուղթ հանձնողներին» առանձնացնել անձնագիր կամ ID ստացողներից:
Այո, պետության հնարավորությունները սուղ են: Բայց եթե հնարավորություն կա Արգիշտի Քյարամյանի համար 125 հազար դոլարանոց «պադավատ» գնելու, ուրեմն, այնքան էլ սուղ չեն: Ի դեպ, արդյո՞ք այսօր «պադավատապետություն» չէ»: