Հնդկաստանն ու Չինաստանը պայմանավորվել են աշխատել սահմանամերձ շրջաններից իրենց զորքերի դուրսբերման վերաբերյալ
Հնդկաստանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարներ Սուբրամանիամ Ջայշանկարի և նրա չինացի գործընկեր Վան Ին Լաոսում տեղի ունեցած բանակցությունների արդյունքներով պայմանավորվել են շտապ աշխատանք տանել սահմանային գոտուց զինվորական անձնակազմի արագ դուրսբերման ուղղությամբ։
Այս մասին նշվում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։Վերջինիս մեջ ընդգծվել է, որ երկու երկրների արտգործնախարարների բանակցությունները կենտրոնացած են եղել փաստացի վերահսկողության գծով մնացած հարցերի շուտափույթ լուծում գտնելու վրա՝ երկկողմ հարաբերությունները կայունացնելու և վերականգնելու նպատակով։
Հաղորդվում է, որ երկու երկրների ԱԳ նախարարները համաձայնել են կենտրոնացված և հրատապ աշխատանքի անհրաժեշտության մասին՝ ուժերի հնարավորինս շուտ ամբողջական դուրսբերման հասնելու ուղղությամբ։ «Սահմաններին խաղաղությունն ու անդորրը կարևոր են երկկողմ հարաբերությունների կարգավորման համար», – նշել է Հնդկաստանի ԱԳՆ-ը։
ԱԳՆ-ն հավելել է, որ կողմերը պետք է ամբողջությամբ կատարեն համապատասխան երկկողմ պայմանավորվածությունները, արձանագրությունները և երկու երկրների կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները։
Արտգործնախարարները պայմանավորվել են, որ շուտով կկայանա հնդկա-չինական սահմանային հարցերի շուրջ խորհրդակցությունների և համակարգման աշխատանքային մեխանիզմի նիստը։