Evolution Gaming Georgia-ն աշխատանքից կազատի աշխատակիցներին ծաղրող մենեջերներին
Evolution Gaming Georgia ազարտային խաղային ընկերության աշխատակիցների և նրանց աջակիցների գործադուլին հետևել է ընկերության հաղորդագրությունը մենեջերներին աշխատանքից ազատելու վերաբերյալ։ Նշված նյութը հրապարակվել է մի քանի շաբաթ առաջ, որտեղ երևում է, որ ընկերության ղեկավարները վիրավորական ենթատեքստով են խոսում և ծաղրում իրենց ենթակա աշխատակիցներին։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Evolution Georgia-ն նշել է, որ վերոնշյալ մենեջերների պահվածքն անընդունելի է։ Նրանց խոսքով` հետաքննություն է անցկացվել, և միջադեպին մասնակից անձինք կհեռացվեն ընկերությունից։
Հատկանշական է, որ արդեն մի քանի շաբաթ Evolution Gaming Georgia ազարտային խաղային ընկերության աշխատակիցները պայքարում են արժանապատիվ աշխատանքային միջավայրի և վարձատրության համար։
Evolution Gaming-ը՝ ազարտային խաղերի ծառայությունների համաշխարհային մատակարարը, Վրաստանում խոշորագույն գործատուներից մեկն է։ Ընկերության 2023 թվականի ֆինանսական հաշվետվության համաձայն, ընդհանուր եկամուտը գերազանցել է 1,8 միլիարդ եվրոն, իսկ զուտ շահույթը գերազանցել է 1,07 միլիարդ եվրոն։ Evolution-ի անցյալ տարվա զեկույցի համաձայն՝ խումբն ունի 17 հազար 763 աշխատակից, որոնցից ամենաշատը՝ 6823-ը, աշխատում են ընկերության վրացական Evolution Gaming Georgia-ի դուստր ձեռնարկությունում: