Տիգրան Ավինյանը՝ «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային պարտավորությունների ու նրա մեղավորության մասին

Հեղեղատարների սպասարկման և շահագործման պատասխանատու «Վեոլիա Ջուր» ընկերությունը բավարար չափով ներդրումներ չի իրականացնում՝ պայմանավորված պայմանագրային իրողություններով։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ խոսելով վերջին շրջանում տեղատարափ անձրևների հետևանքով Երևանի տարբեր փողոցներում առաջացած հեղեղումների մասին։

«Հեղեղատարների սպասարկման և շահագործման պատասխանատուն  «Վեոլիա Ջուր» ընկերությունն է։ Հաշվի առնելով իրավիճակը՝ համայնքն իր հերթին նախաձեռնել է գործընթաց, որը հիմա քննարկում ենք և զուգահեռ գույքագրել ենք նաև մայրաքաղաքում առկա հեղեղատար համակարգի վիճակը»,- ասաց Ավինյանը։

Նրա խոսքով՝ առկա խնդիրները լուծելու դժվարությունների առումով «Վեոլիա Ջուր» ընկերությունն ունի օբյեկտիվ պատճառ։

«Այն պայմանագրային իրողություններով, որով գործում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, բավարար չափով ներդրումներ չեն իրականացվում։ Հետևապես, առաջին բանը, որ առաջարկել ենք կառավարությանը, դա պայմանագրային վերանայումն է, որը թույլ կտա Երևանին և ընկերությանը էական ծավալներով ներդրումներ իրականացնել ջրային համակարգերում։ Իրականում, այս պրոցեսները քննարկվում են և վստահ եմ, որ այս տարի լուծումներ կունենանք»,- եզրափակեց Ավինյանը։

Տեսանյութեր

Լրահոս