Ագրարային համալսարանում չեն տիրապետում դիմորդների և ընդունվածների թվաքանակին. որքան աշխատավարձ են ստանում համալսարանում
Yerkir media-ը գրավոր դիմել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանին 2019-2023թթ. համալսարանի դիմորդների և անցողիկ շեմը հաղթահարած ուսանողների թիվն իմանալու խնդրանքով: Համալսարանից ոչ միայն չի տրամադրվել պահանջվող տեղեկատվությունը, այլ պատասխան նամակում նշել են, որ ցավոք ժամանակի և աշխատանքային ռեսուրսների սղության պատճառով դժվարություն ունեն այդ տվյալները ճշգրտելու հարցում:
Այս մեկ նախադասությունը ցուցադրում է Ագրարային համալսարանի, իրոք ցավոք, ողբերգական վիճակը: Նախ այդ 10 թվերը համալսարանի ղեկավարությունը ոչ թե նոր պետք է ճշգրտեր, այլ անգիր իմանար: Հավանաբար այս թվերի չիմացության արդյունքն են վերջին 5 տարիների ընդունելության խայտառակ ցուցանիշները:
Ինչ վերաբերում է ժամանակի և աշխատանքային ռեսուրսների սղությանը, Yerkir.am-ը ներկայացնում է աշխատանքային ռեսուրսների ղեկավար կազմի (ովքեր ի պաշտոնե պարտավոր են իմանալ այդ թվերը) ամսական աշխատավարձերը`
1. Ռեկտորի պարտականությունները կատարող – 855.000 դրամ
2. Երեք պրոռեկտորներ – 588.000-ական դրամ
3. Գլխավոր հաշվապահ – 540.000 դրամ
4. Աշխատակազմի ղեկավար – 470.000 դրամ
5. Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ – 380.000 դրամ
6. Հինգ դեկաններ – 330.000-ական դրամ
Այս խմբի աշխատավարձի տարեկան ֆոնդը կազմում է 68 միլիոն դրամ, որը շուրջ 3 անգամ ավել է այս տարի համալսարանի առաջին կուրս ընդունված 52 ուսանողների ուսման վճարի ընդհանուր գումարից:
Ի դեպ, համալսարանում ամբիոնի դասախոսի ամսական աշխատավարձը 161.000 դրամ է։