Բաժիններ՝

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռումին Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությանը

Հուլիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռումին Ուղղափառ Եկեղեցու պատվիրակության անդամներ Կիպրիան Իոն Լոնիտային և Ջորջ Ալեքսանդրու Լեպադատուին՝ ուղեկցությամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի։

Տաթև Սրբազանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացնելով հյուրերին՝ տեղեկացրեց, որ  Ռումին Ուղղափառ Եկեղեցու պատվիրակության անդամները Հայաստան են ժամանել բռնի տեղահանված արցախահայերի համար սոցիալական ծրագրեր իրականացնելու նպատակով։

Ամենայն Հայոց Հայրապետը, ողջունելով հյուրերին, իր գնահատանքը բերեց Ռումին Ուղղափառ Եկեղեցուն և Ռումինիայի իշխանություններին Հայասատնին ու արցախահայությանը ցուցաբերվող աջակցության համար։

Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձավ հայ ժողովրդի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին, արցախահայերի սոցիալական, արդար իրավունքների պաշտպանության, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման և գերիների վերադարձման խնդիրներին։ Այս առնչությամբ Հայոց Հովվապետը հյուրերին  ներկայացրեց Մայր Աթոռի կողմից արցախահայերի սոցիալական, արդար իրավունքների պաշտպանության, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման և գերիների վերադարձման ուղղությամբ կատարվող աշխատանքները։

Նորին Սրբությունը խոսեց նաև երկու երկրների սերտ հարաբերությունների մասին՝ գոհունակությամբ անդրադարձ կատարելով երկու ժողովուրդների միջև առկա դարավոր ջերմ կապերին, ինչպես նաև ռումինահայ համայնքի ներգրավվածությանը Ռումինիայի կյանքի տարբեր ոլորտներում և երկրի զարգացման գործընթացին: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց Ռումիանիայի իշխանություններին և Ռումին Ուղափառ Եկեղեցուն ռումինահայ համայնքի և Ռումինիայի հայոց թեմի նկատմամբ դրսևորվող հոգատար վերաբերմունքի համար։

Այնուհետև Վեհափառ Հայրապետն իր եղբայրական սերն ու բարեմաղթանքները փոխանցեց Ռումին Ուղղափառ Եկեղեցու Դանիել Պատրիարքին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս