
Բորելը հայտնել է, որ շուտով Կիևի համար 1,4 միլիարդ եվրո հասանելի կլինի ՌԴ ակտիվների հաշվին

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը լրագրողներին հայտնել է, որ Եվրամիության երկրների արտգործնախարարներին տեղեկացրել է սառեցված ռուսական ակտիվներից ստացված արտակարգ միջոցներն Ուկրաինայի համար օգտագործելու մասին:
«Ինչ վերաբերում է արտակարգ եկամուտներին, ես նախարարներին տեղեկացրեցի առաջընթացի մասին. 1,4 միլիարդ եվրոյի առաջին փոխանցում, որը կկատարվի հաջորդ շաբաթ կամ օգոստոսի սկզբին»,- ասել է Բորելը հուլիսի 22-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:
«Դա թույլ կտա ձեռք բերել առաջնահերթ ռազմական տեխնիկա: Անհրաժեշտ են հակաօդային պաշտպանության լրացուցիչ միջոցներ, հրետանային զինամթերք, ինչպես նաև գնումներ Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության համար», – ավելացրել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչը:
Պատասխանելով Ուկրաինայի հակամարտության լուծման հնարավոր դիվանագիտական ուղիների մասին հարցին՝ Բորելը նշել է, որ խաղաղության որոնումը պետք է հիմնված լինի դիվանագիտական ջանքերի վրա, բայց «հարգելով որոշակի շրջանակներ, որոշակի հիմքեր», այլ ոչ թե այն հիմքերը, որոնցից ելնում է ռուսական կողմը:
Նա ընդունելի չի համարում Ռուսաստանի Դաշնության «նախնական պայմանները» հնարավոր հաշտության բանակցությունների համար: