
Թուրքիայում վթարից մահացել է Ռուսաստանի ամենագեղեցիկ բայքերը

Ռուս բլոգեր «ՄոտոՏանյան» (Տատյանա Օզոլինա) մահացել է Թուրքիայի Մուղլա գավառում` ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ Այդ մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները` նշելով, որ նրան անվանում էին «Ռուսաստանի ամենագեղեցիկ բայքերը»։
«Մոտոցիկլետը, որը վարում էր Օնուր Օբուտը, բախվել է մոտոցիկլետին, որը վարում էր ռուսաստանցի Տատյանա Օզոլինան»,- գրում է Anadolu պարբերականը՝ տեղեկացնելով, որ Տատյանան հաճախ էր ճամփորդում Ռուսաստանում և այլ երկրներում։
38-ամյա Տատյանան երկու թուրք մոտոբլոգերների հետ միասին Իզմիրից Բոդրում էր գնում։ Նա կորցրել է կառավարումը և բախվել է բեռնատարին։ Մինչ շտապօգնության ժամանումը՝ նա մահացել է։ Նշվում է, որ նա ուներ փոքր երեխա։
«ՄոտոՏանյան» հայտնի էր դարձել մոտոցիկլետով հոլովակներ հրապարակելով, տարբեր հարթակներում նրա հետևորդների թիվը հասնում էր 3 միլիոնի։