ԱՀԿ-ն հայտարարել է Իրանում դենգե տենդի տարածման բարձր ռիսկի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բարձր է գնահատել Իրանում դենգե տենդի հետագա տարածման ռիսկը. երկրում հունիսի 14-ից մինչև հուլիսի 17-ը հիվանդության հայտնաբերված դեպքերի թիվը 2-ից հասել է 12-ի։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ինչպես հայտնել է ԱՀԿ-ի Ժնևի կենտրոնակայանը, հունիսի 14-ին Իրանի իշխանությունները հայտնել են դենգեի առաջին երկու դեպքերի մասին:
«Համայնքի ներսում դենգեի տեղային փոխանցումը հաստատվել է Իրանի հարավի Հորմոզգանի նահանգի Բենդեր Լենգե քաղաքում», – նշել է ԱՀԿ-ն:
2024 թվականի հուլիսի 17-ի դրությամբ երկրում դենգեի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 12-ի, դրանք բոլորն արձանագրվել են Բենդեր Լենգեում:
Ավելի վաղ ԱՀԿ-ն աշխարհում դենգեի տարածման ռիսկը գնահատել էր որպես բարձր՝ ընդգծելով, որ խոսքը վերաբերում է «հանրային առողջապահության գլոբալ սպառնալիքին»։
«Իրանի համար վտանգը նույնպես մեծ է երկրում (դենգե վիրուսը) տարածողների առկայության, այն տարածողների համար բարենպաստ կլիմայական պայմանների և դենգե տենդի շարունակական բռնկումներով երկրներից և էնդեմիկ շրջաններից Իրան մարդկանց տեղաշարժի պատճառով»,- արձանագրել են կազմակերպությունում։
ԱՀԿ-ում բացատրել են, որ այդ հիվանդությունը «պոտենցիալ կերպով կարող է լուրջ վնաս հասցնել հանրային առողջապահությանը»։
Հիվանդության հիմնական տարածողներն են Aedes մոծակները, հիմնականում Aedes aegypti և ավելի փոքր չափով՝ Aedes albopictus մոծակները:Իրանի առողջապահության նախարարությունը ձեռնարկել է «հիվանդանոցների պատրաստվածության բարձրացման միջոցներ»։
Իր հերթին, ԱՀԿ-ն աջակցություն է ցույց տալիս նախարարությանը՝ «հսկողության ուժեղացման, արագ ախտորոշման համար բժշկական պարագաների և միջոցների բաշխման, ուսուցման անցկացման և ռիսկերի մասին իրազեկման միջոցառումների կազմակերպման» գործում:
Դենգեն վիրուսային վարակ է, որը գերակշռում է արևադարձային և մերձարևադարձային շրջաններում: Դրա ախտանշաններն են բարձր ջերմությունը, սրտխառնոցը, ցանը, գլխացավերը և գոտկատեղի ցավերը։ Տենդի հեմոռագիկ տարբերակն ուղեկցվում է ուժեղ ներքին արյունահոսություններով, որոնք առաջանում են արյան անոթների կոլապսից։
Ըստ գնահատումների՝ 3,8 միլիարդ մարդ ապրում է էնդեմիկ երկրներում, որոնց մեծ մասը գտնվում է Ասիայում, Աֆրիկայում և Ամերիկայում: Ըստ ԱՀԿ-ի՝ հիվանդացությունը, հավանաբար, կաճի քանակապես և աշխարհագրորեն կտարածվի՝ կլիմայի փոփոխության և ուրբանիզացիայի պատճառով։