
Արաքս գետի վրա պատնեշի կառուցման նախագիծը Թուրքիայի հետ համաձայնեցման փուլում է. ՏԿԵՆ

Արաքս գետի վրա պատնեշի կառուցման նախագծային փաստաթղթերը Թուրքիայի հետ համաձայնեցման փուլում են։
Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
«Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու նպատակով Բուրաստան և Արաքսավան համայնքների հատվածում պատնեշի կառուցման վերաբերյալ հայտնում ենք, որ նախագծային փաստաթղթերը թուրքական կողմի հետ համաձայնեցման փուլում են», – ասացին նախարարությունից:
ՏԿԵՆ-ից հայտնել էին, որ ընթացքում են նախագծային փաստաթղթերը ՌԴ սահմանապահ զորքերի ղեկավարության, անհրաժեշտության դեպքում նաև թուրքական կողմի հետ համաձայնեցնելու ու դրանց ընթացակարգերի վերաբերյալ քննարկումներ անելու փուլերը։
Արաքսավան և Բուրաստան համայնքների շրջանում Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար ամբարտակի կառուցման արժեքը կկազմի մոտ 1 մլն դոլար:
Հիշեցնենք, որ ավազի ապօրինի արդյունահանման հետևանքով Արաքս գետը, որով անցնում է Թուրքիայի հետ սահմանը, փոխել է հունը, և դրա սահմաններից դուրս ձևավորվել է մոտ 400 հա մակերեսով կղզի:
Խնդիրներից խուսափելու համար նախարարությունն առաջարկել է Արաքս գետի ներկայիս հունի վրա կառուցել մոտ 130 մ երկարությամբ և 8 մ խորությամբ ամբարտակ-պատնեշ՝ գետի ջրերը նախկին հուն ուղղելու համար