NBC News. Դեմոկրատները քննարկում են մրցապայքարից Բայդենի դուրս գալու դեպքում հնարավոր տարբերակները
Covid-19-ից ապաքինվելու նպատակով մեկուսացած լինելով Դելավերի լողափի իր տանը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը լավ լուրեր է ստացել․ պարզվել է, որ Հիլարի և Բիլ Քլինթոնները աջակցում են իրեն:
Սակայն ոմանք մասնավոր զրույցում ասել են, որ ավելի հեշտ է հաշվել այն մարդկանց թիվը, որոնք դեռ աջակցում են նախագահին, քան նրանց, ովքեր կարծում են, որ նա պետք է հրաժարվի վերընտրվելու հայտից, հաղորդում է NBC News-ը:
Ուրբաթ օրը նախընտրական շտաբի պաշտոնյաների հանդուգն տոնը և հաջորդ շաբաթ նախընտրական արշավին վերադառնալու Բայդենի խոստումը քիչ բան են արել նախագահի աջակցության անկումը կանգնեցնելու համար:
Որոշ դեմոկրատներ արդեն սկսել են քննարկել անկանխատեսելի հանգամանքների դեպքում հնարավոր ծրագրերը, օրինակ՝ արդյո՞ք, փոխնախագահ Քամալա Հարիսը պետք է փոխարինի Բայդենին թեկնածուների ցանկի առաջին տեղում, թե՞ դեմոկրատները պետք է պատրաստվեն հաջորդ ամիս Չիկագոյում կայանալիք թեկնածուների առաջադրման բաց համագումարին, որը կլինի առաջինը վերջին տասնամյակներում:
«Ջո Բայդենը մեր թեկնածուն է, – շաբաթ օրը MSNBC-ի եթերում հայտարարել է սենատոր Էլիզաբեթ Ուորենը:- Բայց ինձ մեծ հույս է տալիս այն, որ եթե նախագահ Բայդենը որոշի հրաժարվել, մենք ունենք փոխնախագահ Քամալա Հարիսին, որը պատրաստ է միավորել կուսակցությունը, դիմակայել Դոնալդ Թրամփին ու հաղթել նոյեմբերին»:
«Հիշեք, որ 80 միլիոն մարդ քվեարկել է Ջո Բայդենի և Քամալա Հարիսի օգտին 2020 թվականին՝ իմանալով, որ Քամալա Հարիսը պատրաստ կլինի անհրաժեշտության դեպքուն հանդես գալ»,- ավելացրել է Ուորենը:
Բայդենի աջակիցների նեղացող շրջանակը շարունակում է պնդել, որ նախագահը որոշել է մնալ մրցավազքում, և որ կուսակցությունը պետք է հաղթահարեր այս ճգնաժամը դեռ «երեկ», ինչպես շաբաթ օրը MSNBC-ին էր ասել Բայդենի քարոզարշավի խոսնակ Քևին Մունյոսը:
«Մենք պետք է համախմբվենք կոալիցիայի մեջ, ինչպես դա արեցինք 2020 թվականին»,- ավելացրել է Մունյոսը՝ պնդելով, որ փոխարենը կուսակցությունը պետք է կենտրոնանա Դոնալդ Թրամփի նոր նախագահության «սարսափելի» հեռանկարի վրա:
Այդուհանդերձ, շաբաթ օրվա կեսօրի դրությամբ, 32 դեմոկրատ կոնգրեսական և չորս սենատոր հրապարակայնորեն կոչ են արել Բայդենին չվերընտրվել: Ընդ որում այդ հայտարարություններից 11-ն արվել է վերջին երկու օրվա ընթացքում այն բանից հետո, երբ Թրամփը հինգշաբթի երեկոյան ելույթ ունեցավ հանրապետականների ազգային համագումարում, ինչը վկայում է, որ իրավիճակը չի փոխվում:
Սա նախկինի պես չնչին փոքրամասնություն է կազմում Ներկայացուցիչների պալատի ավելի քան 200 դեմոկրատ անդամների և Սենատի 51 դեմոկրատների պարագայում: Սակայն դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն ու փորձագետները կարծում են, որ մարդկանց իրական թիվը, որոնք Բայդենի հրաժարականն են ուզում, շատ ավելի մեծ է: