Բաժիններ՝

Ավարտվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու վերաբերյալ հերթական վարույթի նախաքննությունը. ՔԿ

Ավարտվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու ևս մեկ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Հայտնում են ՀՀ Քննչականկոմիտեից:

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ի դատապարտյալ Ս․Բ․–ն, հանդիսանալով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «քրեական հեղինակության» կարգավիճակ ունեցող, անձին տեղեկություններ է տրամադրել, ինչպես նաև կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու մասին «քրեական հեղինակության» կարգավիճակ ունեցող հիշյալ անձի, հրահանգներն ու հանձնարարությունները, մասնակցել քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավվել է դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը:

Մասնավորապես, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը, 2021թ. հոկտեմբերի 12-ից մինչև դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում նույն հիմնարկում պահվող կալանավորների և դատապարտյալների նկատմամբ իրականացրել է վերահսկողություն։ Իրեն դիմած տարբեր անձանց, այդ թվում՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող, ինչպես նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը ներգրավված, նույն քրեակատարողական հիմնարկում պահվող Ս․Բ․–ի խնդրանքով կարգավորել, կազմակերպել, թույլատրել և վերաբաշխել է ապօրինի ճանապարհով քրեակատարողական հիմնարկ ներկրած տարբեր արգելված միջոցների, մասնավորապես բջջային հեռախոսների, ինչպես նաև տարբեր անձանց անվամբ բերված հանձնունքների տրամադրումը, կազմակերպել և վերահսկել է այսպես կոչված «օբշակի»՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը կազմող գումարների հավաքագրումը, այդ գումարների հավաքագրման գործընթացի վերաբերյալ, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի միջոցով, իրականացրել է ճշգրտումներ։ Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը դատապարտյալներին և կալանավորներին, այդ թվում Ս․Բ․–ին, տվել է հրահանգներ՝ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ չհամագործակցելու, տեղեկություն չփոխանցելու մասին, զգուշացրել որևէ կալանավորի կամ դատապարտյալի կողմից աշխատակիցներին տեղեկություն հայտնելու դեպքում «պատժելու» մասին, Ս․Բ․–ին և վերոնշյալ կալանավորներից մեկին հրահանգել է կազմակերպել քրեակատարողական հիմնարկ նոր տեղափոխված կալանավորներին և դատապարտյալներին քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված և ճանաչված վարքագծի կանոնների բացատրման գործընթացը։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ Ս․Բ․–ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Նրա վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս