Ֆրանսիայի Ազգային ժողովը վերընտրել է Բրաուն-Պիվեին խոսնակի պաշտոնում

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները հուլիսի 18-ին խոսնակի պաշտոնում վերընտրել են նախագահ Էմանուել Մակրոնի դաշնակից Յաել Բրաուն-Պիվեին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ֆրանսիայի խորհրդարանը ցրվել էր հունիսի 9-ին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ, որոնց արդյունքում որևէ կուսակցության չհաջողվեց բացարձակ մեծամասնություն ստանալ կառավարություն կազմելու համար։

Հաղթողը որոշվել է քվեարկության երեք փուլերից հետո։ Վերջին փուլում ձայների պարզ մեծամասնությամբ հաղթող է ճանաչվել Բրաուն-Պիվեն, որը ստացել է 220 ձայն։ Նրա հիմնական մրցակիցը ընտրություններում հաղթանակ տարած «Նոր ժողովրդական ճակատ» ձախ դաշինքի թեկնածու, կոմունիստ Անդրե Շասենյուն էր, որը ստացել է 207 ձայն։

53-ամյա Բրաուն-Պիվեի թեկնածությունն առաջադրվել էր Մակրոնի «Միասին» դաշինքի կողմից։ Նա ունի իրավաբանական կրթություն, 2017 թվականին ընտրվել էր Ազգային ժողովի անդամ Մակրոնի կուսակցության կողմից և ղեկավարել Ստորին պալատի իրավական հարցերով հանձնաժողովը։ 2022 թվականին նա առաջին անգամ ընտրվել էր Ազգային ժողովի նախագահ։ Բրաուն-Պիվեն 5 երեխաների մայր է։

Հունիսի 9-ին Մակրոնը հայտարարել էր խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին՝ Եվրոպական խորհրդարանի ընտրություններում իր կուսակցության պարտությունից հետո։ Հուլիսի 7-ին խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ էր տարել «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը՝ 577-տեղանոց խորհրդարանում ստանալով 193 մանդատ։ Սակայն դաշինքին չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ստանալ, այնպես որ, ձախ կուսակցությունները ստիպված կլինեն կոալիցիա ձևավորել։

Ընտրությունների արդյունքներով, Մակրոնի «Միասին» կենտրոնամետ կոալիցիան ստացել է 164 մանդատ, իսկ Մարին Լը Պենի և Ժորդան Բարդելլայի ծայրահեղ աջ «Ազգային միավորումը»՝ 143։

Տեսանյութեր

Լրահոս