Ադրբեջանցի լրագրողին չեն թույլատրում լքել Վրաստանը

Ադրբեջանական azel.tv լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Ափգան Սադիգովին չեն թույլատրել լքել Վրաստանը: Վրաստանյան Radiotavisupleba լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է ինքը՝ Սադիգովը:

Հուլիսի 17-ին Սադիգովը պատրաստվում էր ընտանիքի հետ մեկնել Թուրքիա, սակայն, ըստ նրա՝ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում իրավապահներն իրեն ասել են՝ անձնագրում «որոշակի խնդիրներ կան, ուստի կարող է միայն վերադառնալ Բաքու»։

Ըստ aliq.ge-ի՝ Սադիգովը, որ իրեն նախկին քաղբանտարկյալ է համարում, Radiotavisupleba-ին ասել է, որ 7 ամիս է, ինչ ապրում է Թբիլիսիում։ Մինչ այդ՝ մեկուկես տարի առաջ, լրագրողը բուժման նպատակով եկել էր Վրաստան։ Նա պատմել է, որ բանտում տևական հացադուլը վնասել է իր առողջությանը: Սադիգովը երկու անգամ ձերբակալվել է Ադրբեջանում:

Բուժումից հետո Սադիգովը վերադարձել է հայրենիք, ինչպես ինքն է ասել՝ Ադրբեջանի իշխանությունները իր համար կրկին խնդիրներ են ստեղծել․ ահաբեկել են, ճնշումներ են գործադրել, որից հետո եկել է Թբիլիսի։ Լրագրողը կարծում է, որ իր համար անվտանգ չէ Ադրբեջան վերադառնալը։

Ադրբեջանցի լրագրողն ասել է՝ ընտանիքի անդամների հասցեին սպառնալիքները շարունակվել են, իրենից պահանջել են դադարեցնել Ադրբեջանի կառավարության հասցեին քննադատական ​​կարծիք հայտնելը։ Այս պահին Թբիլիսիում են նաև azel.tv-ի գլխավոր խմբագրի ընտանիքի անդամները, նրանք ցանկանում են միասին մեկնել երրորդ երկիր։

Սադիգովը հայտնվել է այն լրագրողների ցուցակում, որոնց ազատ արձակումը 2019 թվականին պահանջել էր «Լրագրողների պաշտպանության կոմիտե» կազմակերպությունը։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունից այս պահին Սադիգովի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում:

Տեսանյութեր

Լրահոս