41-ամյա տղամարդը Երևանի բնակչուհուն մեկ տարի ենթարկել է սեռական շահագործման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Երևանի բնակչուհին մեկ տարի ենթարկվել է սեռական շահագործման: Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից, նշելով, որ թրաֆիքինգի վերաբերյալ վարույթի նախաքննությունն է ավարտվել:

«Ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Արագածոտնի մարզի 41-ամյա բնակիչը, 2021 թվականին տաքսի ծառայություն մատուցելու ընթացքում ծանոթանալով Երևանի բնակչուհու հետ, նպատակադրվել է վերջինիս ենթարկել սեռական շահագործման։

Ծանոթությունից օրեր անց, հիշյալ կնոջը սեռական շահագործման վիճակի մեջ դնելու, պահելու և շահագործելու նպատակով, առաջարկել է նրան զբաղվել մարմնավաճառությամբ, որին վերջինս համաձայնվել է: Սակայն 41-ամյա տղամարդը, նրա նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրելով, ինչպես նաև, վերջինիս և նրա երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, նրանից վերցրել է մարմնավաճառության արդյունքում աշխատած ամբողջ գումարը։

Արդյունքում՝ 2021 թվականի հոկտեմբերից մինչև 2022 թվականի հոկտեմբերը, Երևանի բնակչուհին, գտնվելով շահագործման վիճակի մեջ, ինչպես իր կամ 41-ամյա տղամարդու կողմից վարձակալած բնակարաններում, այնպես էլ տարբեր հյուրանոցային համալիրներում, զբաղվել է մարմնավաճառությամբ և դրա արդյունքում աշխատած՝ օրական միջինը 200.000 ՀՀ դրամ գումարը փոխանցել է 41-ամյա տղամարդուն։

Երբ նշված կինը հրաժարվել է մարմնավաճառությամբ զբաղվելուց կամ աշխատած գումարները 41-ամյա տղամարդուն փոխանցել, վերջինս ամեն անգամ նրա նկատմամբ բռնություն է գործադրել և ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցրել»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 41-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս