
Գերմանիայի 2025 թվականի բյուջեի առանցքում լինելու է անվտանգության ապահովման գործոնը

Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ անվտանգության գործոնը գերակայում է երկրի՝ 2025 թվականի պետական բյուջեի նախագծում, որը համաձայնեցվել է այսօր: Այդ մասին նշված է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։
Գերմանիայում իշխող դաշինքի ներկայացրած բյուջեի նախագծի հաստատումը դժվար է ընթացել՝ կոալիցիայում ընդգրկված կուսակցությունների միջև տարաձայնությունների պատճառով։
«Անհանգիստ ժամանակներում Գերմանիան պետք է կայունության խարիսխ լինի: Դրա համար պատասխանատու է Դաշնային կառավարությունը: Հետևաբար, հստակ առաջնահերթություններ ենք սահմանել համաձայնեցված բյուջեի նախագծում: Կիզակետում անվտանգությունն է, առանց որի այսօր չի լինի մնացած ամեն բան»,- ընդգծել է Շոլցը: