
ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

Նյու Յորքում հուլիսի 16-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի հետ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել UNESCAP-ի դերը տարածաշրջանում համագործակցության, կայուն զարգացման և ներառական աճի խթանման գործում:
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են կազմակերպության հետ փոխգործակցության հեռանկարները, ընդգծել համագործակցության զարգացման կարևորությունը, մասնավորապես, հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:
Նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր զրուցակցին տեղեկացրել է 2024թ. հոկտեմբերի 4-7-ը Հայաստանում կայանալիք Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT 2024) մասին, որն անցկացվելու է «Մտքի ուժը. արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակում» խորագրի ներքո։