Բաժիններ՝

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել 95-ը 95-ի դիմաց ձևաչափով

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ բանակցային գործընթացի արդյունքում ուկրաինական գերությունից վերադարձվել է 95 ռուսաստանցի զինծառայող։

Գերատեսչությունը նշում է, որ դրա դիմաց ուկրաինական կողմին է վերադարձվել 95 ռազմագերի։

«Ռուս զինվորականների՝ գերությունից վերադարձի ժամանակ հումանիտար բնույթի միջնորդական մասնակցություն է ցուցաբերել Արաբական Միացյալ Էմիրությունները», – նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։

Ազատ արձակված զինծառայողները կտեղափոխվեն Մոսկվա՝ ՌԴ ՊՆ բուժհաստատություններում բուժման և վերականգնման նպատակով։

Հունիսի 25-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Մոսկվան և Կիևը գերիների փոխանակում են կատարել 90-90 ձևաչափով՝ ԱՄԷ-ի միջնորդությամբ։

Հունիսի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայում գերության մեջ է գտնվում 1348 ռուսաստանցի զինվորական, իսկ Ռուսաստանում է գտնվում Ուկրաինայի զինված ուժերի 6465 գերեվարված զինծառայող։

Մայիսի 31-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ԱՄԷ-ի միջնորդությամբ Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել 75-ը 75-ի դիմաց ձևաչափով, իսկ դրանից առաջ՝ փետրվարի 8-ին, կողմերը միմյանց վերադարձրել էին 100-ական գերու՝ կրկին ԱՄԷ-ի միջնորդությամբ, հիշեցնում է «Ինտերֆաքս»-ը։ Հունվարի վերջին էլ 195 ռուսաստանցի ռազմագերի փոխանակվել էր 195 ուկրաինացի ռազմագերու հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս