Կարեն Անդրեասյանը դեռևս 2023թ. դեկտեմբերի 29-ին էր իր հետևորդներին խոստացել, որ կպատժի Աննա Դանիբեկյանին
Երեկ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) դադարեցրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած Աննա Դանիբեկյանի լիազորությունները:
Որոշման հրապարակումից առաջ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը երկար-բարակ բացատրում էր՝ ինչու են դադարեցրել Դանիբեկյանի լիազորությունները, ում Կարեն Անդրեասյանի ընկերը՝ Գրիգոր Մինասյանը, մեղադրում է ՀՀ երկրորդ նախագահի գործի քննությունը ձգձգելու մեջ, որի արդյունքում լրացել էր այդ հոդվածով վաղեմության ժամկետը:
«Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարել ընդգծել, որ երկար ձգձգված ու վաղեմության ժամկետի ավարտման հիմքով կարճված Ռոբերտ Քոչարյանի գործն ուներ բացառիկ կարևորություն թե՛ վարույթում ներգրավված անձանց շրջանակի կարգավիճակով, թե՛ նրանց մեղսագրվող արարքների քրեաիրավական բնույթով և ծանրության աստիճանով: Հետևաբար, դատավոր Դանիբեկյանը պարտավոր էր գիտակցել, որ արդարադատություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության դատաիրավական պրակտիկայի պատմության ամենակարևոր գործերից մեկով և պետք է արդյունավետ կազմակերպեր և ողջամիտ ժամկետում իրականացներ արդարադատություն»,- մասնավորապես ասաց ԲԴԽ նախագահը՝ փաստելով, որ Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվում են, որովհետև ենթադրյալ ձգձգումը Ռոբերտ Քոչարյանի գործով էր, իսկ եթե մեկ այլ գործով լիներ, ապա չէին դադարեցնի:
Կարեն Անդրեասյանն ըստ էության խոստովանեց, որ իրենց համար կարևորն անուններն են, որոնք որքան հնչեղ լինեն, այնքան շոուն ավելի ստացված կլինի: Արմեն Աշոտյանի, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Գրիգորի Խաչատուրովի, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ դատավարությունները հենց դրա ապացույցն են:
Կարեն Անդրեասյանն անդրադարձավ նաև դատավորի լսված լինելու իրավունքը անտեսելուն, առանց Աննա Դանիբեկյանի, նրա՝ 5 րոպե ուշացման պայմաններում նիստն արագորեն բացել-փակելուն:
168.am-ն ավելի վաղ անդրադարձել էր դրա պատճառներին, գրել, որ Աննա Դանիբեկյանը տիրապետում է ձայնագրությունների, որոնք ապացուցում են՝ իր վրա այս գործով փորձել են ճնշում գործադրել: Թերևս հենց դա էլ կանխեց ԲԴԽ նախագահը, իսկ դատավորն իր մեջ համարձակություն չգտավ հրապարակել իր ձեռքի տակ եղած ապացույցները:
Պարզվում է, սակայն, որ Աննա Դանիբեկյանի վերաբերյալ կարգապահական վարույթի ֆորմալ առիթը թեպետ այս տարվա փետրվարի 10-ին Կարեն Անդրեասյանի ցուցումով պատրաստված ու հրապարակված տեսանյութն էր, իսկ դրա մասին նա ավելի վաղ ազդարարել էր Հանրայինի եթերում, սակայն կա մի փաստ, որն ապացուցում է՝ ԲԴԽ նախագահն Աննա Դանիբեկյանին պատժելու միտք վաղուց է ունեցել:
Այսպես՝ 2023թ. դեկտեմբերի 29-ին հոգով դեռ մանուկ Կարեն Անդրեասյանը բաց նամակ էր գրել Ձմեռ պապին, բայց անանձնական բաներ էր ուզել նրանից, իր ղեկավարած համակարգին առնչվող:
Այդ նամակի ներքո բավականին հետաքրքիր մեկնաբանություններ կային, որոնք առավել հետաքրքիր դարձան Կարեն Անդրեասյանի պատասխաններից հետո:
Օգտատերերից մեկը, ի դեպ, ԵՊՀ դասախոս, Կարեն Անդրեասյանին հարցնում էր երկու օր առաջ՝ այսինքն՝ դեկտեմբերի 27-ին տեղի ունեցածի մասին, հարցնում էր՝ ինչո՞ւ հնարավոր չէ հանել մեկ դատավորի, որ իրենք այդչափ չհիասթափվեն, ինչին Կարեն Անդրեասյանը պատասխանում է, որ կուղղեն իրենց այն սխալները, որոնք ուղղելի են:
Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել դեկտեմբերի 29-ից 2 օր առաջ:
2023թ. դեկտեմբերի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին վճիռ կայացրեց։
Ակնհայտ է, որ այս օգտատերը (ի դեպ, Անդրեասյանի այլ հետևորդներ ևս և շատ ավելի՝ հասցեական,- Գ.Ս.) նկատի ուներ Աննա Դանիբեկյանին, և Կարեն Անդրեասյանն էլ նրան հրապարակային խոստացել էր ուղղել սխալը, այն է՝ պատժել դատավորին, ինչը և ամիսներ անց հաջողությամբ արեց:
Մնացածը, ինչպես ասում են, ժանգլյորություն է:
Ի դեպ, Աննա Դանիբեկյանի անհաջողությունները լիազորությունների դադարեցմամբ չեն ավարտվում: Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն հիմա էլ անցել է նրան սևացնելու սուրբ գործին՝ մասնավորապես ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի շուրթերով հայտարարելով, որ 100%-ով կա վստահություն, որ Աննա Դանիբեկյանը Ռոբերտ Քոչարյանից շատ խոշոր գումար է վերցրել:
Աննա Դանիբեկյանը, իհարկե, կարող է հաղորդում տալ հանցագործության մասին, եթե համարում է, որ պատգամավորի ասածը մաքուր սուտ մատնություն է, սակայն վստահություն, որ նա դա կանի, չկա: Ինչպես չօգտվեց մեկ այլ հնարավորությունից, որի մասին վերևում արդեն նշել էինք՝ իր ձեռքի տակ եղած ձայնագրություններից: