
Ալեքսիս Օհանյանը հայտնել է իր մոտ ախտորոշված հիվանդության մասին

Reddit ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը պատմել է, որ իր մոտ ախտորոշվել է Լայմի հիվանդություն, ինչը նրա համար շոկային է եղել, գրում է Daily Mail-ը:
41-ամյա միլիոնատիրոջ խոսքով՝ բժիշկներն ախտորոշումը հայտնել են բազմաթիվ ստուգումներ անցկացնելուց հետո:
«Բազմաթիվ բժշկական ստուգումներ, թեստեր կատարելով՝ պարզեցի, որ ես Լայմի հիվանդություն ունեմ: Բարեբախտաբար, ոչ մի ախտանիշ չկա, բայց բուժվելու եմ», – ասել է նա:
Լայմի հիվանդությունն առաջանում է տզի խայթոցից:
Օհանյանն այս համատեքստում զարմանք է արտահայտել, քանի որ իր խոսքով՝ «այնքան քիչ ժամանակ է անցկացնում բնության գրկում, ուստի հիվանդությունն անսպասելի էր»:
Օհանյանը հավելել է, որ հակաբիոտիկներ է ընդունելու հիվանդության դեմ պայքարելու համար։
Լայմի հիվանդությունն առաջանում է բորելիա բակտերիայից: Մարդիկ սովորաբար Լայմի հիվանդություն են ստանում բակտերիաները կրող տզի խայթոցից: Հիվանդության վաղ հանդիպող նշաններից են տենդը, գլխացավը, հոգնածությունը: Չբուժվելու դեպքում կարող են դիտվել դեմքի մեկ կամ երկու կեսերի շարժման անհնարինություն, հոդացավեր, ծանր գլխացավեր, սրտխփոց և այլն։ Ամիսներ և տարիներ անց կարող են դիտվել հոդացավերի և հոդերի այտուցի կրկնվող դրվագներ։ Երբեմն, կարող է դիտվել նաև ձեռքերի և ոտքերի սուր ցավեր կամ ծակծկոցներ։ Չնայած բուժմանը, մոտ 10-20% դեպքերում հոդացավերը, հիշողության խնդիրները և հոգնածությունը պահպանվում են առնվազն 6 ամսվա ընթացքում: