Հայկական ազգային հագուստը, ավանդույթներն ու մշակույթը կներկայացվեն վեցերորդ «ՏԱՐԱԶֆեստ»-ին
«ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ փառատոնը, որն անցկացվելու է օգոստոսի 10-11-ին «Հաղթանակ» զբոսայգում, նպատակ ունի հանրության լայն շրջանակին ներկայացնել հայկական ազգային հագուստը, մշակույթը, ավանդույթներն ու սովորույթները։
Միջոցառման առաջին հատվածում նախատեսվում է ցուցահանդես-վաճառք արհեստագործ վարպետների, Հայաստանի թանգարանների, հայկական արտադրանքը ներկայացնող ընկերությունների մասնակցությամբ։
Բարի ավանդույթ է նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնների մասնակցությունը։ Ընթացքում կանցկացվեն ազգային խաղեր, ուսուցողակրթական և ժամանցային ծրագրեր, ցերեկային ցուցադրություններ՝ ներկայացնելով երիտասարդ դիզայներների հավաքածուները։
Փառատոնի երկրորդ մասում կլինի ազգային հագուստի ցուցադրություն՝ ժամանակակից մատուցմամբ։ Կցուցադրվեն «Տերյան մշակութային կենտրոն»-ի, տեղացի և միջազգային դիզայներների տարազային և հայկական զարդանախշերի ու գորգանախշերի բաղադրիչ պարունակող հագուստների անհատական հավաքածուները։
Փառատոնի ողջ ընթացքում բարձր տրամադրությունն ու երաժշտական ծրագիրը կապահովեն հայկական ավանդական երգի-պարի համույթները, ազգային փոքրամասնությունները ներկայացնող մասնակիցները:
Փառատոնն իրականացվում է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, «Վիքթորի պարկ» ՍՊԸ-ի («Հաղթանակ» զբոսայգի) գործընկերությամբ: «ՏԱՐԱԶֆեստ» փառատոնն իրականացնելու գաղափարը պատկանում է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ին: