Սահմանադրությունը սոսկ իրավական գործիք չէ, այն մեր հավաքական ձգտումների վկայությունն է․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ
«Սահմանադրությունն ավելին է, քան իրավական փաստաթուղթ»,- այս մասին այսօր «ՀՀ Սահմանադրության փոփոխությունները՝ օրվա հրամայական» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը՝ անդրադառնալով Սահմանադրության կարևորությանը։
Նրա որակմամբ, Սահմանադրությունն այն հիմքն է, որի վրա մեր ազատությունները, իրավունքները, ձգտումները՝ որպես ժողովուրդ, հավաքականորեն կառուցվում են։ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցչի խոսքով, Սահմանադրությունը մարմնավորում է հավաքական արժեքները, ազատությունների երաշխիքները։
Ֆրանկ Հեսսի խոսքով, յուրաքանչյուր սահմանադրության «սրտում» ընկած է հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը։
ԵՄ ներկայացուցիչն ասաց, որ Սահմանադրությունը երաշխավորում է խոսքի ազատությունը, հավաքների, կրոնական ազատությունը, երաշխավորում է օրենքի առջև բոլորի հավասարությունը և ապահովում է արդարադատություն բոլորի համար։
«Սահմանադրությունն ապահովում է շրջանակ իշխանության տարանջատման համար՝ ապահովելով, որպեսզի կառավարության որևէ ճյուղի ազդեցությունը չափազանց մեծ չլինի։ Ենթադրվում է, որ Սահմանադրությունն ապահովում է թափանցիկություն, հաշվետվողականություն, այն կխթանի վստահությունը և լեգիտիմությունը հասարակության շրջանում։ Սահմանադրությունը, ենթադրվում է, որ պետք է առաջ մղի ժողովրդավարական կառավարումը»,- ասաց Ֆրանկ Հեսսը՝ նշելով, որ այդ փաստաթուղթը պետք է արտահայտի, լինի հասարակության հավաքական ձգտումների վկայությունը։
Նրա որակմամբ, Սահմանադրությունը սոսկ իրավական գործիք չէ։