ՌԴ-ն դատապարտում է բռնությունը քաղաքական պայքարում. Պեսկովը՝ Թրամփի դեմ մահափորձի մասին
Ռուսաստանը դատապարտում է քաղաքական պայքարի ընթացքում բռնության ցանկացած դրսևորում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը:
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ ՌԴ-ում չեն կարծում, որ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը կազմակերպել է ԱՄՆ գործող վարչակազմը, սակայն այն նրա շուրջ համապատասխան մթնոլորտ է ստեղծել:
«Մենք ամենևին չենք կարծում և չենք համարում, որ նախագահի թեկնածու Թրամփին հեռացնելու փորձը կազմակերպել է գործող իշխանությունը, բայց այն մթնոլորտը, որ այդ վարչակազմը ստեղծել է քաղաքական պայքարի ընթացքում, թեկնածու Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտը հրահրել է այն, ինչին այսօր բախվեց Ամերիկան»,-ասել է նա լրագրողներին:
Պեսկովը հավելել է, որ Թրամփին վերացնելու և վարկաբեկելու բազմաթիվ փորձերից հետո ակնհայտ էր, որ նրա կյանքը վտանգված է: Նա նշել է, որ Ռուսաստանը ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու որևէ ցանկություն չունի, և դա նրանց ներքին գործն է:
Պատասխանելով համապատասխան հարցին՝ Պեսկովը նշել է, որ Վլադիմիր Պուտինը Թրամփի հետ հեռախոսազրույցի պլաններ չունի։