Ռուսաստանն այս տարածաշրջանը զոհում է այլ տարածաշրջաններում իր ունեցած շահերին. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Վերջին մեկ ամսվա ընթացքում իրար են հաջորդում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Հայաստան, որոնց շրջանակներում՝ որպես օրակարգային հարց, քննարկվում է մի փաթեթ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների հաստատում, Խաղաղության պայմանագրի ստորագրում, Հայաստանով՝ Թուրքիան և Ադրբեջանն իրար կապող ճանապարհի գործարկում։

Վերջինի վերաբերյալ, ի դեպ, շատ ծավալուն անդրադարձ կատարեց Հայաստան այցելած ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։

Հարցին՝ կո՞ղմ է արդյոք «Զանգեզուրի միջանցքի» այն բանաձևին, որը Բաքուն է առաջ քաշում, ԱՄՆ բարձրաստիճան պաշտնյան պատասխանել էր. «Մենք սովորաբար դրա մասին խոսում ենք որպես առևտրային մի ճանապարհ՝ շատ նման «Խաղաղության խաչմերուկի» հայաստանյան գաղափարին: Այժմ կան արդեն գոյություն ունեցող երթուղիներ, որտեղ արդեն փորված են թունելներ ու կան երկաթուղային գծեր։ Ուստի, իմաստ ունի սկսել՝ դրանք դիտարկելով: Բայց հնարավոր է, որ ի հայտ գան մի քանի երթուղիներ, որոնք կնախատեսեն, որ ապրանքների մի մասը կգնա Հայաստանով մինչև Վրաստան, մյուսները՝ Թուրքիայի տարածքով։ Եվ կսկսեք զարգացնել ճանապարհների ցանց, ոչ թե պարզապես մեկ երթուղի: Այսպիսով, սա լայն հասկացություն է, ինչին մենք աջակցում ենք»:

168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, խոսելով Սյունիքով՝ Թուրքիան և Ադրբեջանն իրար կապելու և այդ կապի շահառու աշխարհաքաղաքական կենտրոնների մասին՝ շեշտեց, որ շահառուն պարզ կդառնա այն ժամանակ, երբ այդ շահառուն ներկայացնողին տրվի Սյունիքով ճանապարհի վերահսկողությունը։

Կարդացեք նաև

«Այո, կա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, բայց մենք տեսնում ենք, որ ռուսներն այդ ճանապարհի հետևից չեն գալիս։ Ռուսաստանն այս տարածաշրջանը զոհում է այլ տարածաշրջաններում իր ունեցած շահերին։ Ռուսաստանն այդ ճանապարհի վերահսկողությունը վերցնելու հետևից չի գալիս, միաժամանակ, թույլ չի տալիս, որ, օրինակ, նույն ԱՄՆ-ը գա և այդ ճանապարհն աշխատեցնի։ Այնպես որ, այդ ճանապարհի հարցն աշխարհաքաղաքական խնդիր է, և Հայաստանն այս հարցում որևէ լծակ չունի»,- ասաց քաղաքագետը՝ եզրափակելով.

«Հայաստանը որևէ լծակ չունի, որովհետև Հայաստանը ներկայացնում է պարտված և կապիտուլյացիա ստորագրած մարդ»։

Մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս