Իրանի հետախուզությունը ձերբակալել է Քերմանի ահաբեկչության կազմակերպիչներից մեկին
Իրանի հետախուզության նախարարությունը ձերբակալել է հունվարի 3-ին Իրանի հարավի Քերման քաղաքում մոտ 100 մարդու կյանք խլած ահաբեկչության հիմնական հանցակիցներից մեկին, հայտնել է իրանական Tasnim գործակալութունը։
Նախարարությունից հայտնել են, որ իր ուժերը ձերբակալել են Աբդուլլահ Քվետին և տարել Իրան՝ նրան բնութագրելով որպես հունվարի սկզբին Քերմանում մահացու ահաբեկչությունը կազմակերպող և ղեկավարող հիմնական տարրերից մեկը:
Նշվում է, որ ձերբակալվածից ձեռք բերված հետախուզական տվյալների շնորիվ Իրանին հաջողվել է խափանել մի քանի այլ թաքֆիրիական խմբավորումների կազմակերպած ահաբեկչական դավադրություններ և բացահայտել բազմաթիվ այլ ահաբեկիչների և նրանց թաքստոցները:
Հայտարարությունը միաժամանակ նշվում է Իրանի նախագահական վերջին ընտրությունների ժամանակ դիվերսիոն գործողությունների դիմելու ահաբեկիչների փորձերի ակտիվացումը։ Ընդգծվում է նաև, որ Նախարարության՝ ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը միայն մայիսի 21-ից հուլիսի 5-ը հայտնաբերել է բազմաթիվ ահաբեկչական բջիջներ և նրանց հետ անմիջական կապի հաստատման 79 փաստ։
Գործողությունների ընթացքում ձերբակալվել են տասնյակ ահաբեկիչներ, նրանց կողմնակիցներ և նրանց զենք և զինամթերք մատակարարող տարրեր, առգրավվել է 560 տարբեր ինքնաձիգ, մոտ 42 հազար փամփուշտ, ինը ռումբ և ռումբերի պատրաստման մեջ կիրառվող բազմաթիվ նյութեր։
Հետախուզական ուժերը միաժամանակ բացահայտել և բռնել են վերջերս Իրան ներթափանցած մի շարք ահաբեկիչների, ինչպես նաև քրեական անցյալ ունեցող մի շարք տարրերի, որոնց հանձնարարված էր մահապարտ գործողություններ իրագործել Իրանում: Ահաբեկիչները հիմնականում կենտրոնացել են Թեհրան, Ալբորզ, Ղազվին, Ռազավի Խորասան, Ֆարս, Սիստան և Բելուջիստան, Հորմոզգան և Բուշեր օսթաններում (նահանգ) ՝ ահաբեկչություններ իրականացնելու նպատակով, ասված է նախարարության զեկույցում։