ԵՄ-ն Վրաստանի անվտանգության համար ավելի քան 354 մլն եվրո է ծախսել
Եվրամիությունը Վրաստանի անվտանգության համար ավելի քան 354 միլիոն եվրո է ծախսել: Այդ մասին պարզ է դառնում Եվրամիության արտաքին գործողությունների ծառայությունը (EEAS) հրապարակած տվյալներից, որոնք արտացոլում են 2008-2024 թվականներին Վրաստանի անվտանգության ամրապնդմանը հատկացված գումարը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Եվրամիության դիտորդական առաքելությունը (EUMM) Վրաստանում գործում է 2008 թվականից։ Վրաստանում այս առաքելության շրջանակներում.
1. 2008-2024 թվականներին ծախսվել է ավելի քան 354 միլիոն եվրո,
2. 2023-2024 թվականների բյուջեն ավելի քան 47 միլիոն եվրո է։
EUMM առաքելության նպատակն է.
- երկարաժամկետ կայունության պահպանում` խուսափելով ռազմական գործողություններից,
- Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ վարչական սահմանի երկայնքով ապրող բնակչության անվտանգ և բնականոն կյանքի խթանում,
- հակամարտող կողմերի միջև վստահության ձևավորում:
«Մենք շարունակում ենք աջակցել Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- գրված է X սոցիալական ցանցում EEAS-ի հրապարակած տվյալների մեջ։
Նշվում է նաև, որ 2021-2023 թվականներին Վրաստանի պաշտպանության ուժերի ուժեղացման համար ծախսվել է 62 միլիոն եվրո.
- երկու լիովին հագեցած շարժական բժշկական հաստատություններ,
- բժշկական սարքավորումներ Գորիի զինվորական հոսպիտալում,
- 42 բեռնատար,
- 96 անհատական և 17 խմբակային ինժեներական հավաքածու,
- կիբերանվտանգության դասընթացներ և վարժանքներ:
Ուշագրավ է, որ նույն գրառման մեջ նշվում է, որ կասեցվել է 2024 թվականի համար հատկացված օգնությունը։
Նշենք. Օրեր առաջ Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է՝ «գործակալների օրենքի» ընդունման պատճառով, Եվրամիությունը սառեցրել է Վրաստանի համար նախատեսված 30 միլիոն եվրոյի օգնությունը, որը պետք է փոխանցեր Խաղաղության եվրոպական հիմնադրամը (EPF):
Ուշագրավ է նաև, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները անորոշ ժամանակով հետաձգել է Վրաստանի հետ նախատեսված «Արժանի գործընկեր» (Noble Partner) զորավարժությունները։ Ըստ Վաշինգտոնի` պատճառը Վրաստանի հետ հարաբերությունների քաղաքականության վերանայումն է։
Ընդգծենք՝ Թբիլիսիի հետ հարաբերությունների վերանայման մասին է խոսել նաև Բեռլինը:
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին անհասկանալի է անվանել գործընկեր երկրների այս որոշումները։ Խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Զարկուան ԵՄ դեսպանի հայտարարությունը ամոթալի է անվանել: