Չնայած Հայաստանի որոշմանը` 2025-ի համար ՀԱՊԿ-ի վճարը կհաշվարկվի. Վասիլև
Չնայած Հայաստանի որոշմանը` 2025 թվականի համար ՀԱՊԿ-ի վճարը կհաշվարկվի: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՀԱՊԿ–ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը` մեկնաբանելով կազմակերպության բյուջե Հայաստանի մուծման հետ կապված իրավիճակը։
Մայիսին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտարարեց, որ Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ 2023 թվականի նոյեմբերի 23–ի «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշմանը միանալուց և այդ որոշմամբ նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց:
Անդրադառնալով այդ հայտարարությանը` Ռուսաստանի ԱԳՆ–ից հայտնեցին, որ սա Երևանի առաջին հայտարարությունը չէ իր մասնակցությունը սառեցնելու և ՀԱՊԿ-ի ֆինանսավորումը դադարեցնելու մասին:
Ըստ գերատեսչության` կազմակերպության բյուջե վճարումներ կատարելու պարտքեր նախկինում էլ են եղել, այդ թվում` Հայաստանի կողմից։ 2024 թվականի համար Հայաստանի Հանրապետության բաժնային վճարը 53,22 միլիոն ռուբլի է կազմում (այսօրվա փոխարժեքով` ավելի քան 225 մլն դրամ):
«2025 թվականի բյուջեի նախագիծը կվերանայվի, համապատասխանաբար կհաշվարկվեն բոլոր հոդվածները։ Այդ գումարի 10 տոկոսը կհաշվեգրվի Հայաստանին»,– ընդգծել է Վասիլևը։
ՀՀ-ն կվճարի այդ գումարը, թե ոչ, ըստ նրա, դա արդեն երկրի ղեկավարության քաղաքական կամքն է:
Ընդհանուր առմամբ խոսելով բյուջեի խնդիրների մասին` ՀԱՊԿ–ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը նշել է` որ այն, ինչ վերաբերում է առաջիկա ժամանակաշրջանին՝ 2025 թվականին, հետագա քննարկումների առարկա է։
Նա նաև նշել է, որ կազմակերպության բյուջեն սահմանված համամասնությամբ բաշխվել է բոլոր անդամ պետությունների միջև։
«Մուծումների 50 տոկոսը վճարում է Ռուսաստանի Դաշնությունը, մնացած 50%-ը բաշխված է մյուս հինգ անդամ պետությունների միջև։ Համապատասխանաբար յուրաքանչյուրը (բացի Ռուսաստանից) վճարում է բյուջեի 10–ական տոկոսը, այդ թվում` նաև Հայաստանի Հանրապետությունը»,– պարզաբանել է Վասիլևը։