Հունգարիայի նախագահությունն արդեն վնաս է հասցրել ԵՄ-ին. Գերմանիայի ԱԳՆ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն արդեն իսկ մեծ վնաս է հասցրել Եվրոպական միությանն իր երկրի նախագահության առաջին 12 օրվա ընթացքում։ Այս մասին այսօր հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը:

«Մենք պետք է տեսնենք, թե ինչպես է շարունակվում Հունգարիայի խորհրդի նախագահությունը»,- ասել է նախարարության խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է Բեռլինն արձագանքում Օրբանի վերջին դիվանագիտական այցերին, այդ թվում՝ Չինաստան և Ռուսաստան:

«Այսօր ընդամենը 12 օր է անցել, բայց դրանք [այցերն] արդեն մեծ վնաս են հասցրել»,- ասել է Գերմանիայի արտաքին գերատեսչության խոսնակը։

Եվրամիության խորհրդում նախագահությունը հուլիսի 1-ից անցել է Հունգարիային։ Հուլիսի 2-ին Օրբանը «խաղաղապահ առաքելությամբ» նախ այցելեց Կիև, ապա Մոսկվա, հետո Պեկինում բանակցություններ վարեց Չինաստանի նախագահի հետ, մեկնեց Վաշինգտոն՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, երեկ էլ ժամանել է Ֆլորիդա, հանդիպել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։

Այցի մասին Օրբանը գրառում է կատարել X-ի իր էջում, նշելով՝ խաղաղության 5-րդ առաքելությամբ հանդիպել է Թրամփի հետ։

«Պատիվ է այցելել Դոնալդ Թրամփին։ Այսօր Մար-ա-Լագոյում քննարկեցինք խաղաղություն հաստատելու ուղիները։ Օրվա լավ լուրը՝ նա պատրաստվում է լուծել այն», – գրել է Օրբանը:

Բրյուսելից հայտարարել են, որ Օրբանը Եվրամիության անունից բանակցություններ անցկացնելու լիազորություններ չունի։

Տեսանյութեր

Լրահոս