ՄԱԿ-ը պահանջել է, որ ՌԴ-ն դուրս գա Եվրոպայի խոշորագույն ատոմակայանից

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հուլիսի 11-ին պահանջել է, որ Ռուսաստանն «անմիջապես դուրս բերի իր զինվորական և այլ անձնակազմի չարտոնված անդամներին» Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայանից և այն վերադարձնի Ուկրաինայի իշխանությունների լիակատար վերահսկողության ներքո։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

193 անդամից կազմված Գլխավոր ասամբլեան բանաձևն ընդունել է 99 կողմ, 9 դեմ և 60 ձեռնպահ ձայներով։

Եվրոպայում ամենամեծ Զապորոժիեի ատոմակայանը Ռուսաստանի վերահսկողության տակ է անցել 2022 թ․ փետրվարին Ուկրաինայում Մոսկվայի ծավալած ռազմական գործողություններից անմիջապես հետո։ Ատոմակայանը փակվել է, բայց արտաքին էներգիայի կարիք ունի՝ իր միջուկային նյութը սառը պահելու և հալոցքը կանխելու համար:

Ռազմական գործողությունների ողջ ընթացքում Ուկրաինան և Ռուսաստանը միմյանց մեղադրել են ատոմակայանի գնդակոծության և հոսանքագծերի վնասման մեջ։

ՄԱԿ-ի բանաձևը կոչ է անում, որ «Ռուսաստանն անմիջապես դադարեցնի Ուկրաինայի կարևոր էներգետիկ ենթակառուցվածքի վրա հարձակումները, որոնք մեծացնում են Ուկրաինայի բոլոր միջուկային օբյեկտներում միջուկային վթարի կամ միջադեպի ռիսկը»։

ՄԱԿ-ում Ուկրաինայի դեսպան Սերգեյ Կիսլիցան երկրներին կոչ է արել քվեարկել բանաձևի դեմ, իսկ կազմակերպությունում ՌԴ դեսպանի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել է, որ քվեարկության նպատակն է «առաջ տանել Արևմտյան նարատիվը Ուկրաինայի միջուկային օբյեկտներին սպառնացող վտանգի աղբյուրի վերաբերյալ»։

Պոլյանսկին հայտարարել է, որ ապրիլի 7-ին Զապորոժիեի ատոմակայանը հարձակման է ենթարկվել ուկրաինական ԱԹՍ-ով։ Կիևը հերքել է այս մեղադրանքները։

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից հուլիսի 11-ին ընդունված որոշումը նորից պահանջել է, որ Ռուսաստանն «անմիջապես դադարեցնի իր ագրեսիան Ուկրաինայի դեմ և առանց նախապայմանների հետ քաշի իր զինված ուժերը»։

Տեսանյութեր

Լրահոս