Իրավապահ համակարգի ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյա ապահովագրեց իրեն

Երբ Աննա Վարդապետյանը Նիկոլ Փաշինյանի բարի կամքով ու նրան մատուցած անգնահատելի ծառայությունների համար նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում, շատերն էին կանխատեսում՝ դատախազությունը կզրկվի որակյալ կադրերից: Այդպես էլ եղավ: Գլխավոր դատախազությունը հերթով լքեցին դատախազության «առաջին մեծության աստղերը», այդ թվում՝ գլխավոր դատախազի տեղակալ, աղմկահարույց գործերով պետական մեղադրող Գևորգ Բաղդասարյանն ու ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ, ապա Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը:

Գևորգ Բաղդասարյանն ու Պետրոս Պետրոսյանը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազներն էին, ովքեր ատամներով պաշտպանում էին մեղադրանքը:

Ուղիղ մեկ տարի առաջ տևական ժամանակ ընթացող խուլ, երբեմն էլ՝ ոչ լռելյայն հակամարտությունից հետո նրանք երկուսն էլ աշխատանքից ազատման դիմումներ գրեցին: Դատախազական լիազորությունները վերջիններիս հետ միասին վայր դրեց նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատախազ Արսեն Մարտիրոսյանը:

«Տաշած քարը գետնին չի մնում» սկզբունքով Գևորգ Բաղդասարյանն ու Պետրոս Պետրոսյանը հայտնվեցին Աննա Վարդապետյանի «ոխերիմ բարեկամի»՝ Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Արգիշտի Քյարամյանի թիմում՝ համալրելով կառույցի շարքերը:

Կարդացեք նաև

Գևորգ Բաղդասարյանը հիմա հզորագույն, ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետն է, իսկ Պետրոս Պետրոսյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետը:

Բայց ինչպես շատերը Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք, այնպես էլ Պետրոս Պետրոսյանը փաստորեն որոշել է ապահովագրել իրեն, որովհետև ոչ ոք չգիտի՝ վաղն ինչ կարող է լինել, և ինքն ինչքան կձգի այդ պաշտոնում:

Վաղուց նորություն չէ, որ իրավապահ համակարգի բազմաթիվ պետական պաշտոնյաներ, այդ թվում՝ բարձրաստիճան, դատավորներ փաստաբանի արտոնագիր են ստանում, ապա այն սառեցնում ու շարունակում զբաղվել իրենց գործով, որ եթե մի գեղեցիկ օր, Աստված մի արասցե, անգործ մնան, իմանան՝ ինչով կարող են զբաղվել:

Երեկ փաստաբանի արտոնագիր ստացավ նաև Պետրոս Պետրոսյանը:

Նա Փաստաբանական ակադեմիայի այն 76 շրջանավարտներից մեկն էր, ով երեկ ստացավ փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիր:

Հիշեցնենք նաև, որ բոլորովին վերջերս ՔԿ-ն համալրվեց դատախազության ևս մեկ փորձառու կադրով: Տավուշի մարզի նախկին դատախազ Գոռ Ալոյանը Քննչական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ:

Տեսանյութեր

Լրահոս