ՌԴ-ն նոր աշխարհակարգի կառուցման մեջ կցանկանար տեսնել ոչ միայն Բելառուսին, այլև Հայաստանին. Գալուզին

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Ռուսաստանը կմասնակցի՞ Նիկոլ Փաշինյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև կոնֆլիկտի կարգավորմանը՝ ասել է, թե Մոսկվայի համար դժվար է բացատրել Հայաստանի իշխանությունների կոշտ դիրքորոշումը բելառուս գործընկերների նկատմամբ։

«Ալեքսանդր Լուկաշենկոն միշտ ընդգծել է Մինսկի շահագրգռվածությունը Հարավային Կովկասում կայունությամբ և անվտանգությամբ։ Նույնիսկ ամենադժվար ժամանակներում Բելառուսի ղեկավարի նախաձեռնություններն ուղղված էին հենց պատերազմող կողմերին հաշտեցնելուն։

Մինսկը և Երևանը դաշնակիցներ են, որոնց հետ մենք զարգացնում ենք բազմակողմ համագործակցություն։ Հայաստանը և Բելառուսը ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամներ են։ Մոսկվան շահագրգռված է, որ հնարավորինս արագ ավարտվի մեր ընկերների միջև առկա բարդությունների շրջանը։

Ամեն դեպքում, հուսով ենք, որ ժամանակավոր տարաձայնությունները բացասաբար չեն ազդի ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցության խթանման վրա», – ասել է Գալուզինը:

ՌԴ ԱԳ փոխնախարարը Երևանին և Մինսկին կոչ է արել գիտակցել պահի կարևորությունը, երբ ի հայտ են գալիս նոր աշխարհակարգի ուրվագծերը, որի կառուցման մեջ Մոսկվան կցանկանար տեսնել ոչ միայն Բելառուսին այլև Հայաստանին։

 

Տեսանյութեր

Լրահոս