Իսրայելը պատասխան հարված է հասցրել Սիրիայի զինվորական պահակակետերից մեկին
Իսրայելի բանակը հարված է հասցրել Սիրիայի հարավում տեղակայված զինվորական պահակակետին՝ ի պատասխան հուլիսի 11-ին Գոլանի բարձունքների հարավային մասի ուղղությամբ արկի արձակման։ Այս մասին հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ)։
«Երեկ՝ հուլիսի 11-ին, արկը, որը Սիրիայից արձակվել է Գոլանի բարձունքների հարավի ուղղությամբ, ընկել է անմարդաբնակ տարածքում, տուժածների մասին չի հաղորդվել: Ի պատասխան՝ ԻՊԲ-ն հարված է հասցրել զինվորական պահակակետին Սիրիայի հարավի Թասիլի շրջանում», – ասված է հաղորդագրության մեջ։
1944 թվականից Սիրիային պատկանող Գոլանի բարձունքներն Իսրայելը գրավել է 1967 թվականի վեցօրյա պատերազմի ընթացքում։ 1981 թվականին Քնեսեթը (Իսրայելի խորհրդարանը) ընդունել է օրենք, որը միակողմանի կարգով հռչակել է հրեական պետության ինքնիշխանությունն այդ տարածքի նկատմամբ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1981 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 497 բանաձևը բռնակցումը ճանաչել է անվավեր: