Մակրոնն ու Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ կատարած այցի շրջանակներում առանձին հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մակրոնի հետ հանդիպման ընթացքւմ կողմերը քննարկել են Թուրքիա-Ֆրանսիա հարաբերությունները, ռուս-ուկրաինական և արաբաիսրայելական հակամարտությունը, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Քննարկման հարցերի թվում է եղել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։

Մասնավորապես «Հանրապետության նախագահը վերահաստատել է մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող երկխոսությանը` հնարավորինս արագ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով, որը կարող է նոր էջ բացել տարածաշրջանում»,- ասված է Մակրոնի աշխատակազմի հաղորդագրությունում:

Էրդողանը ընդգծել է երկկողմ հարաբերությունների զարգացման կարևորությունը բոլոր բնագավառներում, ինչպես նաև նշել է, որ Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության գործընթացի վերականգնման հարցում ակնկալում է աջակցություն։

Թուրքիայի նախագահը նաև շեշտել է, որ արևմտյան երկրների կողմից «Իսրայելի հրադադարի պահպանման խրախուսումը կնպաստի տարածաշրջանային և համաշխարհային խաղաղությանը» և Ֆրանսիայի համար այս պահին ձեռնտու կլինի կոնկրետ քայլեր ձեռնարկել։

Զելենսկու հետ հանդիպան ընթացքում քննարկվել է ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքը,տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան շարունակում է ռուս-ուկրաինական պատերազմն «արդար խաղաղությամբ ավարտելու ջանքերը», ինչպես նաև հավելել է, որ աշխատանքներ են սկսվել «Սևծովյան հացահատիկի նախաձեռնության» վերականգնման ուղղությամբ։

Թուրքիայի նախագահը հայտնել է նաև , որ Թուրքիան պատրաստ է ցանկացած նախաձեռնության, այդ թվում՝ միջնորդության՝ հիմք ստեղծելու խաղաղության համար։

Նշենք, որ հանդիպմանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, ազգային հետախուզության կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը և նախագահի արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով խորհրդական, դեսպան Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։

Տեսանյութեր

Լրահոս