Հայաստանից ՌԴ-ի` «փուլ առ փուլ» «դուրս գալու» օրինակները. ՔՊ-ականների հերթական մանիպուլյացիան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը կուսակցական լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է, թե ՌԴ-ն «փուլ առ փուլ» դուրս է գալիս Հայաստանից։ Մանիպուլյացիաների ու ստերի տարածումը ՔՊ-ականների համար վաղուց սովորություն է դարձել։

Այդ շարքից է նաեւ պատգամավորուհու՝ հարցազրույցում արած պնդումը։ Միայն թե, արժեր Սոնա Ղազարյանին հիշեցնել, օրինակ, Փաշինյան-Պուտին վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, թե ռուս սահմանապահները դուրս կգան Հայաստանի մի շարք մարզերից, բայց կմնան հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանին։

Ընդ որում, շատ կարեւոր է հայ-իրանական սահմանին ռուս սահմանապահների ներկայությունը, քանի որ, եթե Թուրքիայի հետ ունենք չկարգավորված հարաբերություններ ու ռազմական ագրեսիայի վտանգ, ապա հայ-իրանական սահմանին այդ վտանգն առկա չէ:

Հիմա ՌԴ-ի՝ իբր Հայաստանից «փուլ առ փուլ» դուրս գալու մեկ այլ օրինակ. Վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա հունվար-մայիս ամիսների արտաքին առեւտրաշրջանառության ցուցանիշները։ Եվ ահա, այս ընթացքում ՌԴ-ի հետ Հայաստանի առեւտրաշրջանառությունը կազմել է ընդհանուր առեւտրի 45.9 տոկոսը, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 36.1 տոկոս էր։

16.3 մլրդ դոլար առեւտրից 7.5 մլրդ դոլարը բաժին է հասնում ՌԴ-ին։ Ընդ որում, ավելի քան 5 անգամ աճել է Ռուսաստանից ներկրումների ցուցանիշը։ Էլ չենք ասում, որ Հայաստանի համար առանցքային կարեւորություն ունեցող ոլորտները՝ էլեկտրաէներգիա, գազ, երկաթուղի եւ այլն ռուսական ընկերություններինն են։

Իսկ որեւէ երկրի ներկայությունը միայն ռազմաբազաների տեսքով չէ, այլ նաեւ տնտեսական։

Օրինակները բազմաթիվ են, եւ պատգամավորին չէր խանգարի նման ցուցանիշներին ծանոթանալ՝ նախքան ելույթ ունենալը։

Մի բան էլ՝ իր գործընկերները վերջերս հաճախակիացրել են այցերը դեպի ՌԴ՝ հակառակ հակառուսական հայտարարություններին։ ԱԺ պատգամավորների այցելությունները Ռուսաստանի Դաշնություն՝ ՌԴ-ի՝ ՀՀ-ից «փուլ առ փուլ» դուրս գալու տրամաբանության մե՞ջ են»:

Տեսանյութեր

Լրահոս