ԱՄՆ անկախության տոնին նվիրված միջոցառում Կապանում՝ դեսպան Քվինի Սյունիք կատարած այցի ընթացքում

Հուլիսի 11-ին ԱՄՆ դեսպանությունն առաջին անգամ ԱՄՆ անկախության օրվան նվիրված տոնական միջոցառում անցկացրեց Կապանում։ «Հայաստանցիներն արժանի են ապրել խաղաղ և բարեկեցիկ պայմաններում։ Այս առանձնահատուկ տոնակատարությունը մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքների և մեր ժողովուրդների սերտ կապերի ամրապնդման  գերազանց հնարավորություն է», – ասաց դեսպան Քվինը՝ ողջունելով միջոցառման հյուրերին։

Սյունիքում դեսպան Քվինը հանդիպեց մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին՝ քննության առնելու հայ-ամերիկյան համագործակցության խորացման հնարավոր ուղիները և Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և բարեկեցությանը։ Դեսպանը նաև ԵՄ քաղաքացիական առաքելության հետ դիտարկեց սահմանին տիրող իրավիճակը։ Հաջորդիվ նա հանդիպեց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին և Պարեկային ծառայության  ներկայացուցիչներին։ Պարեկային ծառայությանը տրամադրվեցին  առաջին օգնության պայուսակներ՝ լրակազմով։

Կապանում դեսպան Քվինը հանդիպեց Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց՝ լսելու նրանց ընթացիկ կարիքների մասին և տեղեկանալու իրենց նոր հանգրվաններում Հայաստանի կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ցուցաբերված աջակցության մասին։

Կապանում դեսպան Քվինը նաև փոխըմբռնման նոր հուշագիր ստորագրեց Սյունիքի մարզային գրադարանի տնօրեն Լիանա Գասպարյանի հետ՝ Կապանի «Ամերիկյան անկյան» հետ շարունակական  համագործակցության վերաբերյալ։ Դեսպանը նաև զրուցեց ԱՄՆ դեսպանության կողմից ֆինանսավորվող ACCESS ծրագրի անգլերենի դասընթացի մասնակիցների հետ։ Ծրագիրը Կապանում, Գորիսում և Մեղրիում իրականացվում է «Կրթական նախաձեռնություններ» ՀԿ-ի կողմից։

Սյունիքում դեսպան Քվինի հաջորդ կանգառն ամերիկյան Քոնթուր Գլոբալ հիդրոկասկադում էր, որը վերականգնվող էներգիայի առաջատար արտադրողներից է և տարեկան կտրվածքով ապահովում է Հայաստանում սպառվող էլեկտրաէներգիայի 12-15 տոկոսը։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Տեսանյութեր

Լրահոս