Բաժիններ՝

Բայդենի մամուլի ասուլիսն առանց սայթաքումների չի անցել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մամուլի ասուլիս է անցկացրել լրագրողների հետ, որի նպատակն էր դեմոկրատ օրենսդիրների մի մասին, դաշնակիցներին և քվեարկողներին վստահեցնել, որ նա հարմար թեկնածու է նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների համար։ Այս մասին հաղորդում է  The Associated Press-ը։

Հունիսի 27-ին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած բանավեճում անհաջող ելույթից հետո 81-ամյա Բայդենը մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցրեց, որ կարող է հաղթել ընտրություններում։

Չնայած համեմատաբար վստահ ելույթին, այնուամենայնիվ, Բայդենը մի քանի անգամ շփոթվեց։ Երբ Բայդենին հարց ուղղեցին փոխնախագահ Քամալա Հարիսի մասին, նա Հարիսին անվանեց «փոխնախագահ Թրամփ»։

«Ես փոխնախագահ Թրամփին չէի ընտրի փոխնախագահի պաշտոնի համար, եթե կարծեի, որ նա ունակ չէ նախագահ լինել», – ասաց Բայդենը։

Սակայն միևնույն ժամանակ մի քանի անգամ շեշտեց, որ «պետք է ավարտին հասցնի աշխատանքը»։

Դեռ մամուլի ասուլիսից առաջ Բայդենը ևս մեկ սայթաքում էր ունեցել, երբ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին ներկայացնելիս նրան անվանել էր «նախագահ Պուտին»։

«Տիկնայք և պարոնայք, նախագահ Պուտին, – ասել էր Բայդենն՝ անմիջապես շտկելով խոսքը։ – Նախագահ Պուտի՞ն։ Դուք հաղթելու եք նախագահ Պուտինին»։

Միևնույն ժամանակ, ասուլիսի ընթացքում Բայդենը բարձր է գնահատել Վաշինգտոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, խոսել է ինֆլյացիայի մակարդակի նվազման, իր նախագահության օրոք արտադրության ոլորտում 800 000 աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաև արտաքին քաղաքականության մասին։ Բայդենը նաև մանրամասն պատասխաններ է տվել հարցերին՝ ի տարբերություն Թրամփի հետ բանավեճի։

Այնուամենայնիվ, մամուլի ասուլիսի ավարտից րոպեներ անց ևս իմ քանի դեմոկրատ կոնգրեսականներ միացել են առնվազն 1 տասնյակ օրենսդիրների՝ հրապարակային կերպով կոչ անելով, որ Բայդենը հրաժարվի ընտրապայքարից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս