Բայդենի հեռանկարներին կասկածող ՆԱՏՕ-ի դաշնակիցները հանդիպումներ են անցկացրել Թրամփի ներկայացուցիչների հետ. Bloomberg
Ամերիկյան Bloomberg-ը գրում է, որ դաշինքի 75-րդ տարեդարձի գագաթնաժողովի բացման ելույթում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հաջողվել է ՆԱՏՕ-ի առաջնորդներին համոզել պաշտոնում իր պիտանիության մեջ, սակայն դա բավարար չի եղել նոյեմբերին ԱՄՆ ընտրություններում հաղթելու իր հնարավորությունների վերաբերյալ աճող կասկածները փարատելու համար։
«Ամբողջ Եվրոպայից ժամանած պատվիրակությունները հանգիստ հանդիպում են Դոնալդ Թրամփի հետ կառնչություն ունեցող խորհրդականների և այլոց հետ՝ գնահատելով՝ Օվալաձև առանձնասենյակ վերադառնալու նրա հնարավորությունը։
Bloomberg-ի հետ զրույցում պաշտոնյաներից շատերը, հայտարարել են, որ հույս ունեն ավելի հստակ պատկերացում կազմել, թե ինչ կարող է նշանակել Թրամփի հաղթանակը Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի համար, որը նա պարբերաբար քննադատում է: Ոմանք փորձել են դրանում լուսավոր կողմեր տեսնել՝ պնդելով, որ Թրամփի համար դժվար կլինի իրականացնել ՆԱՏՕ-ի անդամների անվտանգության երաշխիքները խաթարելու կամ Ուկրաինային Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հապճեպ խաղաղ համաձայնագրի կնքման մղելու իր սպառնալիքները:
Միևնույն ժամանակ, եվրոպացի այն պաշտոնյաները, ովքեր դեռ գարնանը վստահություն էին հայտնում Բայդենի՝ վերընտրվելու հույսերին, այս շաբաթ մասնավոր զրույցներում ավելի լավատեսորեն էին տրամադրված:
Երեքշաբթի եռօրյա գագաթնաժողովի բացմանը առաջնորդները հրապարակայնորեն գովաբանեցին Բայդենի ելույթը՝ որպես ապացույց այն բանի, որ 81-ամյա նախագահը առաջվա պես եռանդով լի է և որ տապալված հեռուստաբանավեճի իր ելույթից հետո նա ի վիճակի կլինի կատարել իր աշխատանքը:
Միաժամանակ նրանք հետևում էին Բայդենի ամեն քայլին՝ սպասելով նրա հերթական վրիպմանը, որն էլ ավելի կխաթարի ընտրություններում հաղթելու նրա հույսերը։
Պաշտոնյաներն ու դիվանագետները պնդում են, որ ըստ սոցիոլոգիական հարցումների՝ Թրամփը Բայդենի նկատմամբ զգալի առավելություն ունի, և որ Բայդենի հեռանկարների առնչությամբ դաշնակիցների կասկածները մեծանում են:
Երեքշաբթի օրվա արարողության ժամանակ ոմանք ասում էին, որ ջղաձգորեն հետևում էին՝ ինչպես է Բայդենը մեդալը կախում հեռացող գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի պարանոցից՝ վախենալով, որ ամերիկացի առաջնորդը հանկարծ կսայթաքի:
Իր հերթին գործակալության աղբյուրներից մեկը զգուշացրել է, որ Բայդենի նկատմամբ ուշադրությունը շեղում է՝ Ուկրաինային հետագա աջակցությունն ապահովելու գագաթնաժողովի առանցքային նպատակից։