Ադրբեջանը փորձելու է դիրքավորվել իբրև Կանաչ օրակարգի կրող, ու այդ դիրքից արդեն թիրախավորել Հայաստանը. Բադալյան

Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ադրբեջանը ծրագրում է Նախիջեւանում կառուցել վտանգավոր թափոնների վնասազերծման պոլիգոն: Կարծում եմ կարեւոր է, որ այդ գործընթացը լինի Հայաստանում շրջակա միջավայրի պահպանության ոլորտային կազմակերպությունների մանրակրկիտ ուշադրության առարկա՝ ռեգիոնալ էկոլոգիայի անվտանգության տեսանկյունից:

Հատկապես նկատի ունենալով նաեւ այն, որ Ադրբեջանը հենց այդ դաշտում պարբերաբար գրոհում է Հայաստանը՝ այն էլ մտացածին եւ անհիմն մեղադրանքներով, թիրախավորելով մասնավորապես Հայաստանի տնտեսության համար այնպիսի կարեւոր ուղղություն, ինչպիսին հանքարդյունաբերությունն ու էներգետիկան:

Ինչպես առիթ եմ ունեցել ասելու, այդ իմաստով մենք չպետք է թերագնահատենք մարտահրավերը, որ առկա է, այսպես կոչված, Cop29-ի գործընթացում, որի միջոցով Ադրբեջանը փորձելու է դիրքավորվել իբրեւ Կանաչ օրակարգի կրող, ու այդ դիրքից արդեն թիրախավորել Հայաստանը վերը նշածս ուղղություններով:

Ինչպես ասել եմ, ինքս պահելու եմ հարցը ուշադրության կենտրոնում: Անկասկած է, որ Հայաստանում էլոկոգիական հարցերը պետք է լինեն ուշադրության առարկա, բայց միեւնույն ժամանակ այդ առումով պահանջվում է ոչ միայն մարդկային, այլ գուցե նույնիսկ առաջին հերթին մասնագիտական կոմպետենտություն ու բարեխղճություն, որպեսզի մեզ համար կարեւոր հարցերին անդրադառնալիս, ոչ կոմպետենտ եւ ոչ բարեխիղճ դրսեւորումներով ակամայից չնպաստենք Հայաստանի հանդեպ Ադրբեջանի մտացածին մեղադրանքները «ոռոգելուն»:

Ավելին, շրջակա միջավայրի պաշտպանության մասնագիտորեն կոմպետենտ կարողությունները ընդլայնելով, մենք կարողանանք ոչ միայն մեզ համար ապահովել տնտեսական կարեւորությունների եւ էկոլոգիական պահանջների արդյունավետ համադրություն, այլ նաեւ՝ ինչպես նշեցի, խստիվ մոնիտորինգի ենթարկենք Ադրբեջանի գործողությունները»:

Տեսանյութեր

Լրահոս