Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը բանաձև է ընդունել․ խստորեն դատապարտում է Արցախի էթնիկ զտումը
Քիչ առաջ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը ընդունեց «Լեռնային Ղարաբաղի հայերի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերաբերյալ» բանաձևը, որում մասնավորապես ասվում է.
Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակումը, ավելի քան 100,000 հայերի բռնի տեղահանումը և Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության շարունակական խախտումները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:
«Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը`
Կոչ է անում հարգել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն իր սահմաններում:
Խստորեն դատապարտում է ադրբեջանական ռազմական ներխուժումը և Ադրբեջանի 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակումը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը և հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը;
Աներկբա աջակցություն է հայտնում Հայաստանի անկախությանը և ինքնիշխանությանը;
Աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նաև՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատմանը, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ հիմնված ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա և, այս համատեքստում, Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը»,-ասվում է գրառման մեջ։