Հայաստանի ուսանող մարզիկները կմասնակցեն Եվրոպական համալսարանական խաղերին

Հայաստանը 8 մասնակից կունենա հուլիսի 12-24-ը Հունգարիայի Դեբրեցեն և Միշկոլց քաղաքներում անցկացվելիք Եվրոպական համալսարանական խաղերում: Այդ մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Մեր երկրի պատվիրակության ղեկավար ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացրել է, որ մրցումներին մասնակցելու են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները:

ՀՊՏՀ-ի ուսանողները մասնակցելու են սեղանի թենիսի աղջիկների մրցումներին, իսկ ՀՖԿՍՊԻ-ի ուսանողները՝ պարա սեղանի թենիսի, շախմատի և թաեքվոնդոյի մրցաշարերին:

ՀՊՏՀ սեղանի թենիսի աղջիկների թիմում ընդգրկված են Մանե Ղազարյանը, Ասյա Պողոսյանը և Հայաստանի անհատական առաջնության չեմպիոն Ռիմա Խլղաթյանը: Մարզիչն է ամբիոնի դասախոս Մեսրոպ Ղազարյանը, որը նաև Հայաստանի սեղանի թենիսի հավաքականի մարզչիչներից է:

Պարա սեղանի թենիսի մրցումներին մասնակցելու է ՀՖԿՍՊԻ-ի ուսանող Գևորգ Բեգլարյանը, որին ուղեկցելու է ամբիոնի վարիչ և մարզիչ Ռիմա Բեգոյանը:

Շախմատային պայքարին կներգրավվեն գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը և Արտյոմ Մանուկյանը: Մարզիչն է Երվանդ Հակոբյանը:

Թաեքվոնդոյիստներից ասպարեզ են դուրս գալու Հայաստանի առաջնությունների տիտղոսակիր մարզիկներ, միջազգային տարբեր մրցաշարերի մասնակցած Մելինե Հովհաննիսյանը և Դավիթ Թորոսյանը:

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը, լինելով համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի անդամ, նշանակվել է ֆուտզալի մրցումների ղեկավար:

«Սպասելիքները մեծ են, քանի որ մասնակցելու են Հայաստանի հավաքականների կազմերը համալրած ուսանող մարզիկները, որոնք մեր երկրի անունը բարձր են պահում նաև տարբեր միջազգային մրցաշարերում»,- նշել է Հովհաննես Գաբրիելյանը:

Եվրոպական համալսարանական խաղերին 20 մարզաձևերի մրցումներին կմասնակցի 36 երկրի շուրջ 5 հազար մարզիկ-մարզուհի:

Տեսանյութեր

Լրահոս