Կիևը թաքցնում է խոլերայի համաճարակը Խերսոնի մարզում․ Օնիշչենկո
Կիևը լռում է Խերսոնի մարզի՝ Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող հատվածներում խոլերայի տարածման հետ կապված իրավիճակի մասին։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հարթակի միացմամբ Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Տաշքենդ տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն։
Նրա խոսքով՝ Կախովկայի ՀԷԿ-ի փլուզումից հետո հսկայական տարածքներ են հեղեղվել, ինչը հանգեցրել է վարակի արագ տարածմանը՝ ջրի որակի անբավարար վերահսկողության ֆոնին:
«Կիևը հերքում է, բայց խոլերայի համաճարակը սովորական և հասկանալի իրավիճակ է, քանի որ տարրական բուժօգնություն չկա ինչպես քաղաքացիական բնակչության, այնպես էլ զինվորական ստորաբաժանումների շրջանում»,-ընդգծել է ակադեմիկոսը:
Օնիշչենկոյի խոսքով՝ Ռուսաստանն իր օգնությունն է առաջարկել, համապատասխան հարցում է արել ԱՀԿ-ի միջոցով, սակայն կազմակերպությունից հայտնել են, որ ուկրաինական կողմը մերժել է:
Միևնույն ժամանակ, նա նշում է, որ Խերսոնի շրջանի ոչ օկուպացված հատվածում խոլերայի ոչ մի բռնկում չի նկատվում, իրականացվում է ջրի որակի լիարժեք վերահսկողություն, աղիքային խանգարման գանգատներով հիվանդները ենթարկվում են խոլերայի վիբրիոնի հայտնաբերման պարտադիր հետազոտության: Օնիշչենկոն վստահություն է հայտնել, որ ռուս բժիշկներն արագ կհաղթահարեն իրավիճակը, եթե խոլերա հայտնաբերվի Խերսոնի մարզի՝ Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածքում: