
Բուլղարիայի խորհրդարանը չի հաստատել նոր վարչապետի թեկնածությունը

Բուլղարիայի Ազգային ժողովի պատգամավորները դեմ են քվեարկել վարչապետի պաշտոնում Ռոսեն Ժելյազկովի թեկնածությանը: Այդ մասին հայտնում է Բուլղարական ազգային հեռուստատեսությունը:
Նշվում է, որ նրա թեկնածությունը պաշտպանել է 98 օրենսդիր, 138-ը դեմ են արտահայտվել, իսկ ևս երկուսը մնացել են ձեռնպահ:
Ռոսեն Ժելյազկովը ներկայացնում է «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կուսակցությունը, որն առաջինն է ճանաչվել վերջերս կայացած խորհրդարանական ընտրություններում:
Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը՝ Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը խորհրդարանականներին հորդորել է պատասխանատվություն և ադեկվատություն դրսևորել: Նա ընդգծել է, որ խորհրդարանական քննարկումներում գերակշռում էին անձնական բնույթի որակումները, իսկ պատգամավորներն ավելի շատ կենտրոնացած էին անցյալի, քան ներկայի և ապագայի վրա:
Ռադևը հայտարարել է, որ այժմ կառավարություն ձևավորելու մանդատը կփոխանցի խորհրդարանական երկրորդ քաղաքական ուժին՝ «Իրավունքների և ազատությունների շարժմանը», սակայն չի պատասխանել այդ քայլին դիմելու ժամկետի վերաբերյալ հարցին:
Բուլղարիայում իշխանության ճգնաժամը շարունակվում է 2021 թվականից։ Այդ ընթացքում երկրում փոխվել է վեց կառավարություն։