Բաժիններ՝

Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն աճել է՝ հասնելով 62 հազար տոննայի

Հայաստանից այս տարի արդեն արտահանվել է շուրջ 62 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, սա 10 հազար տոննայով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանածից:

Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:

«2024 թվականին Հայաստանից արտահանվել է շուրջ 62 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն: Այս թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 10 հազար տոննայով: Նախորդ տարի արտահանել ենք ընդհանուր առմամբ 133 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն»,-ասաց Խոջոյանը:

Անդրադառնալով արտահանված ապրանքներին՝ փոխնախարարը տեղեկացրեց, որ նախորդ տարվա արտահանման ծավալների մեջ ծիրանի արտահանումը կազմել է 30 հազար տոննա: Այս պահի դրությամբ արդեն Հայաստանից արտահանվել է 20 հազար տոննա ծիրան: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն շուրջ 1000 տոննայով ավելի է:

Էական տարբերություն է նկատվում խնձորի արտահանման ծավալներում: 2024 թվականին արդեն արտահանվել է շուրջ 11 հազար 500 տոննա խնձոր, նախորդ տարի նույն ժամանակաշրջանում արտահանվել էր 3800 տոննա: Այսպիսով՝ խնձորի արտահանումն ավելացել է էականորեն:

Սակայն կրճատվել է լոլիկի արտահանումը: Այս տարի Հայաստանից արտահանվել է 6100 տոննա լոլիկ, նախորդ տարի նույն ժամանակահատվածում արտահանվել էր 14 000 տոննա լոլիկ:

Անդրադառնալով հարցին, թե ինչու է որոշ մշակաբույսերի արտահանումն ավելացել, որոշներինը նվազել՝ փոխնախարարը պարզաբանեց. «Բանջարեղենի մասով պետք է ասել, որ արտահանվող հիմնական բանջարեղենը ջերմատնային տնտեսություններում արտադրված ապրանքներն են: Եվ ջերմատնային տնտեսություններում շատ դեպքերում մշակաբույսի փոփոխություններ են տեղի ունենում՝ հաշվի առնելով շուկայի պահանջարկները: Ճիշտ է, լոլիկի արտահանումը նվազել է, սակայն, օրինակ՝ այս տարի արտահանել ենք 4713 տոննա վարունգ, իսկ նախորդ տարի այդ թիվը կազմում էր շուրջ 400 տոննա»,-ներկայացրեց փոխնախարարը:

Ըստ Արման Խոջոյանի՝ մի քանի անգամ ավելացել է Հայաստանից ծաղկի արտահանումը: Շուկայի պահանջարկի ելնելով՝ որոշ ջերմոցային տնտեսություններ վերափոխվում են, բանջարեղենային մշակաբույսը փոխում են ծաղկի կամ հակառակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս