Ալիևի հայտարարությունը տրամաբանական չէ. ցավոք, ՀՀ իշխանությունը թույլ է  տալիս Ադրբեջանին ցուցաբերել նման վարքագիծ. Դավիթ Գալստյան

Ադրբեջանի նախագահը շարունակում է պահանջներ ներկայացնել հայկական կողմին, այս անգամ ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու վերաբերյալ։ Բոլորովին վերջերս Կանադայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ արձագանքելով նրա հայտարարությանը՝ արցախահայերի Արցախ վերադառնալու վերաբերյալ, ասել է, թե «վերադարձը պետք է տեղի ունենա փոխադարձաբար, այսինքն՝ ադրբեջանցիներն էլ պետք է վերադառնան «Արևմտյան Ադրբեջան», որտեղից վերջին անգամ դուրս են եկել 1988 թվականին»։

168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության՝ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն  Ալիևի  հայտարարությունը բնորոշեց ոչ տրամաբանական.

«Հազարամյակներ շարունակ Արցախը եղել է բնիկ հայկական, ցավոք, ՀՀ օրվա իշխանություններն այնպես են արել, որ Ադրբեջանի ղեկավարը կարողանում է իրեն թույլ տալ ու նման հայտարարություններ անել։ Ադրբեջանի այս բոլոր հայտարարությունները, մեկը մյուսի հետ կապված, գնալով ավելի են խորանում ու ավելի մակերեսային են դարձնում Արցախի հարցը, քանի որ միջազգային հարթակներում Հայաստանն ու արցախահայերին ներկայացնող ՀՀ իշխանությունը չի կարողանում ճիշտ դիրքավորվել։ Մենք այսօր տեսնում ենք, որ Ալիևն ասում է, որ ադրբեջանցիները ոչ միայն պետք է վերադառնան Հայաստան, այլև հայկական տարածքներն է անվանում ադրբեջանական անվանումներով։ Մեր իշխանությունները լուռ կամ հանցավոր համաձայնությամբ թույլ են տալիս, որպեսզի Ադրբեջանը ցուցաբերի նման վարքագիծ»,- նշեց Դավիթ Գալստյանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե Արցախի ԱԺ-ի կողմից Ալիևի հայտարարությանը հակադարձող հայտարարություն լինելո՞ւ է, Դավիթ Գալստյանը պատասխանեց, որ Արցախի ԱԺ պատգամավորները միանշանակ այդ հայտարարությանը հակադարձում են լրատվամիջոցների օգնությամբ։

Կարդացեք նաև

«ԱԺ-ում, ցավոք, մեր խմբակցությունը որոշիչ տեղ չի զբաղեցնում, և այդ հարցին պետք է պատասխանի ԱԺ այն խմբակցությունը, որը կարող է արտահերթ նիստ հրավիրել, նման հարց օրակարգ բերել։ Եթե նման օրակարգով արտահերթ նիստ հրավիրվի, մենք միանշանակ մասնակցելու ենք։ Բայց մեր խմբակցությունը հնարավորություն չունի օրենքի սահմաններում արտահերթ նիստ հրավիրելու»,- եզրափակեց Դավիթ Գալստյանը։

Տեսանյութեր

Լրահոս