Մեր գործիքակազմն առավելագույնս օգտագործում ենք տարածաշրջանի խաղաղության համար. ՀՀ-ում ԵՄ դեսպան

Եվրամիությունն իր գործիքակազմը առավելագույնս օգտագործում է տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար: Այս մասին «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. մարտահրավերներ և հնարավորություններ» համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը` պատասխանելով հարցին, որը վերաբերում էր Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը։

Ժողովրդավարության հայկական 3-րդ ֆորումի շրջանակում Փաշինյանն ասել էր, որ շարունակում է պնդել իր հայտարարությունը` ՀՀ–ն ԵՄ–ին պատրաստ է լինել այնքան մոտ, ինչքան ԵՄ–ն դա հնարավոր կհամարի, սակայն այս պահին ինքը չունի հարցի պատասխանը, թե ԵՄ–ն որքանով է պատրաստ մոտ լինեին ՀՀ–ին և քննարկել անդամակցության հարցը։

Դեսպանի խոսքով` ԵՄ–ն փորձում է աջակցել ինչպես հայ-թուրքական, այնպես էլ հայ-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանը։ «Այդ աշխատանքի արդյունավետությունը միշտ չէ, որ 100 տոկոսանոց է, քանի որ իրավիճակը կախված է նաև այդ գործընկերների պահվածքից։ Այնուամենայնիվ, ԵՄ-ն առավելագույն ջանքերն է գործադրում տարածաշրջանում հաղորդակցությունների հաստատմանն ու իրավունքի վրա հիմնված միջազգային կարգին աջակցելու համար»,- ընդգծեց Մարագոսը։

Խոսելով Հայաստանի հետ համագործակցության երկկողմ ծրագրերի մասին՝ նա նշեց, որ ՀՀ-ում ԵՄ դիտորդների առաքելությունը կարելի է արդյունավետ համարել. այն ցույց է տալիս, թե որքան հեռու է Եվրամիությունը պատրաստ գնալ ՀՀ հետ հարաբերությունների զարգացման հարցում։

«Խոշոր ենթակառուցվածքային նախագծերը երկար նախապատրաստվելուց հետո մտնում են իրականացման փուլ։ ԵՄ ներդրումային ծրագրի շրջանակում ՀՀ–ում արդեն ներդրվել է ավելի քան 600 մլն եվրո: Այժմ ներդրումների պորտֆելը կաճի, քանի որ կսկսեն կառուցվել նշված ենթակառուցվածքները»,- ասաց Մարագոսը:

Նա ավելացրեց, որ ԵՄ-ի և Հայաստանի հետագա համագործակցությունն արդեն նախանշված է, և այժմ երկու կողմերը պետք է ջանքեր գործադրեն որոշումներ կայացնելու և դրանց կատարմանը հետևելու համար:

Տեսանյութեր

Լրահոս