
Վաշինգտոնը շարունակում է կենտրոնացած մնալ Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակման խնդրի վրա․ Պատել

Թե՛ ԱՄՆ պետքարտուղարը, թե՛ պետքարտուղարի օգնականը շարունակում են կենտրոնացած մնալ Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակման խնդրի վրա, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Բաքվի և Վաշինգտոնի միջև բարձր մակարդակի հանդիպումներն ընթանում են առանց քաղբանտարկյալների ազատ արձակման։
Պատելը շեշտել է, որ սա երկար գործընթաց է և Վաշինգտոնից պահանջում է շարունակական ներգրավվածություն։
Ադրբեջանցի իրավապաշտպանները պնդում են, որ 2000-ականներից ի վեր առաջին անգամ երկրում քաղբանտարկյալների թիվն անցել է 300-ը։ Ադրբեջանցի իրավապաշտպանների ուսումնասիրության համաձայն, ճաղերի ետևում են գտնվում տասնյակ լրագրողներ, բլոգերներ, իրավապաշտպաններ, ընդդիմադիր քաղաքական գործիչներ, հավատացյալներ։
Ադրբեջանական բանտերում նաև դեռ 23 հայ կա, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։
Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։