Դավիթ Տոնոյանի գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը դիմել է ՍԴ
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը դիմել է ՍԴ՝ Քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասի սահմանադրականության հարցով։
«Փաստինֆո»–ն արդեն տեղեկացրել է, որ օրենսդրական կարգավորման հարցի սահմանադրականության խնդիրը բարձրացրել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանության կողմը։ Խնդիրն այն է, որ գործող Քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ, եթե դատարանում գտնվող քրեական գործով՝ մինչև 2022թ հուլիսի 1-ը որոշում է կայացվել՝ դատաքննություն նշանակելու մասին, ապա այդ գործը քննվում և լուծվում է նախկին Քր․դատ․ օրենսգրքի կարգավորումներով, այդ թվում՝ խափանման միջոցի հարցի առնչությամբ։
Այլ խոսքով՝ օրենսդրական կարգավորման պատճառով մինչև 2022թ հուլիսի 1-ը դատարան մուտքագրված գործերով մեղադրյալները զրկվում են նոր օրենսգրքով սահմանված այլընտրանքային խափանման միջոցների կիրառումից, օրինակ՝ կալանքը տնային կալանքով կամ վարչական հսկողությամբ փոխարինելու հնարավորությունից։ Այս հարցը, ի թիվս այլնի, բարձրացվել է Դավիթ Տոնոյանի գործով՝ թե՛ առաջին ատյանի դատարանում, թե՛ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում։
Ի վերջո, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը պաշտպանների բողոքի հիման վրա դիմել է ՍԴ։ Բարձր դատարանի կայքում առ այս պահն առկա չէ տեղեկություն՝ նշված դիմումի ընդունելիության, քննության հնարավոր նշանակման մասին։
Նշված որոշման առնչությամբ պաշտոնական մեկնաբանության համար «Փաստինֆո»-ն դիմել է նաև ԲԴԽ մամուլի ծառայությանը։ Կառույցից, սակայն, ոչ հերքեցին, ոչ հաստատեցին տեղեկությունը՝ փոխանցելով դատարանի պարզաբանումն առ այն, թե գործն առաջին ատյանի դատարանում քննվում է դռնփակության ռեժիմով, ուստի, Վերաքննիչ դատարանում ևս քննվում է դռնփակության շրջանակներում, հետևաբար, ելքերի և այլ հարցերի վերաբերյալ տեղեկությունը համարվում է գաղտնի, ուստի, չեն կարող հայտնել։